Լանա ՌԱՎԱՆԴԻ-ՖԱԴԱԻՆ․ ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լանա Ռավանդի-Ֆադաին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը:

Նրա խոսքով՝ իրանցի պաշտոնյաները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացը և կարծում են, որ բոլոր հակասությունները պետք է լուծվեն բացառապես երկխոսությամբ և խաղաղ ճանապարհով:

«Իրանը հայտարարում է, որ Կովկասում պետական սահմանները պետք է լինեն անձեռնմխելի, իսկ վիճելի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Իրանական պաշտոնական ԶԼՄ-ները Հայաստանի արտգործնախարարի այցը որակում են որպես երկկողմ հարաբերությունների զարգացման դրական քայլ և նշում են, այդ թվում, երկու երկրների տնտեսական կապերի աճը, ինչպես նաև էներգետիկ համագործակցությունը», — նշում է փորձագետը:

Լանա Ռավանդի-Ֆադաին ընդգծում է, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների կարգավորման հարցում:

«Այս մասին իրանական իշխանությունները վաղուց են խոսում, դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր նման հնարավորության մասին։ Միևնույն ժամանակ, Իրանը մեկ անգամ չէ, որ նշել է՝ կայուն խաղաղության հասնելու համար կարևոր պայմաններ են անհրաժեշտ առկա պատմական սահմանների պահպանումն ու տարածաշրջանային հարաբերություններում Արևմուտքի և Իսրայելի միջամտության անթույլատրելիությունը», — հավելել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Իրանի պաշտոնյաների հայտարարություններից կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես են իրանցիները տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանիի խոսքով՝ այս հակամարտությունում պետք է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրին: Երևանի և Բաքվի հարաբերություններին չպետք է խառնվեն արտատարածաշրջանային տերությունները, ինչպիսիք են Թուրքիան և Իսրայելը։ Բացի այդ, Իրանը դեմ է Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը՝ համարելով, որ այն կհանգեցնի Թուրքիայի չափազանց հզորացմանը և կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, — եզրափակել է իրանագետը։

Alpha News