ՌԴ ԱԳՆ․ Հայ-ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, սակայն խաղաղությանն այլընտրանք չկա

Հայ–ադրբեջանական կարգավորումը հեշտ չի ընթանում, սակայն խաղաղությանն այլընտրանք չկա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Դրա հետ կապված հարցեր են երեկ քննարկվել Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ, և հույս ունենք, որ հիշատակված շփումները առաջիկայում կկայանան», – ասել է Զախարովան։

Ըստ նրա` անհրաժեշտ ամեն բան արվում է Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այն պետք է ներառի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես նշվել է 2022 թվականի հոկտեմբերի 31-ի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Զախարովան նշել է, որ կարևոր է դրական մթնոլորտ ձևավորելը Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության, կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով միջխորհրդարանական եռակողմ շփումների հաստատման համար։

Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Sputnik Արմենիա