ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ՇԵՖԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՄՏԱԴՐՎԵԼ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ «ՍՈՒՄԳԱՅԻԹԻ» ԵՎ «ՄԱՐԱՂԱՅԻ» ՄԱՍԻՆ
Հուլիսի 22-ին «Փաստինֆո»-ն հայտնեց, որ ՀՀ Գլխավոր դատախազության կայքից անհետացել է «Սումգայիթ» բաժինը, որը բովանդակում էր 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական այդ քաղաքում հայերի ցեղասպանության վերաբերյալ քրեական գործերի, վկայությունների, փաստաթղթերի, լուսանկարների և այլ նյութերի ահռելի ծավալ: Պարզելու համար, թե ուր է անհետացել հսկայական և, ըստ էության, անգին արխիվը, պարբերականը դիմել է գերատեսչության մամլո ծառայությանը։ Այնտեղ պատասխանել են, թե տեխնիկական աշխատանքներ են տարվում կայքի վերակառուցման ուղղությամբ, և դրանց ավարտից հետո էլեկտրոնային արխիվի նյութերն առաջվա պես հասանելի կլինեն։
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԲԱՎԱԿԱՆ ՄԵԾ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՐՈՒՑԵՑ «ՖԵՅՍԲՈՒՔ» ՍՈՑՑԱՆՑՈՒՄ։ Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը մեջբերում է արել «Արմենպրես»-ի 2010 թվականի հաղորդագրությունից, որում ասվում է, որ Գլխավոր դատախազության կայքում զետեղված են ականատեսների և տուժածների, նրանց հարազատների և իրավահաջորդների վկայությունները, լուսանկարներ և փաստաթղթեր, սպանվածների, առևանգվածների և անհետ կորածների ցուցակները, ինչպես նաև Սումգայիթում, Մարաղայում և հայկական մի շարք այլ բնակավայրերում հայերի ցեղասպանության դեպքերի վերաբերյալ քրեական գործերի գաղտնազերծված տվյալները:
Բացի այդ, արխիվը բովանդակում էր այլ կարևոր տվյալներ. օրինակ, նրանց անունները, ովքեր մեղադրվում են հայերի նկատմամբ բռնություններին և սպանություններին մասնակցելու մեջ, անձամբ են վայրագություններ գործել և հետախուզման մեջ են: Այդ թվում՝ ադրբեջանական իրավապահ մարմինների աշխատակիցների անուններ։ «Հիմա այդ բաժինը ջնջել են։ «Կայքում աշխատանքներ են վարում» պատրվակով։ Տարօրինակ է, չէ՞, որ որևէ այլ բաժին չի կորել դատախազության կայքից, իսկ այս կարևորագույն բաժինը, որը երկար տարիների ահռելի ու ծանր աշխատանքի պտուղ էր, չկա»,-գրել է Վրթանեսյանը։
Կայքում հայերեն և ռուսերեն լեզուներով որոնում կատարելիս հաղորդվում է, որ «ձեր որոնած էջը գոյություն չունի»: Մինչդեռ, սկսած 2010 թվականից, գլխավոր էջում հղում կար «Սումգայիթ. Ադրբեջանում հայերի դեմ վայրագությունների վերաբերյալ գործերի նյութեր» բաժնին: Այնտեղ զետեղված էին բազմաթիվ մարդկանց, այդ թվում կամավորների ջանքերով թվայնացված հարյուրավոր նյութեր ու փաստաթղթեր։ Հարկ է նշել, որ այդ հիրավի տիտանական աշխատանքի նախաձեռնողը արդարադատության այն ժամանակվա նախարար, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն էր։
Սոցցանցերում բարձրացած աղմուկից հետո կայքում հանկարծ հայտնաբերվեց 15 ֆայլ «սումգայիթի» մասին։ Դրանք կա՛մ մոռացել են հեռացնել, կա՛մ շտապ վերադարձրել են, որպեսզի հայտարարեն, թե իբր՝ ահավասիկ, նյութեր կան։ Հաջորդ օրը այդ թիվը հասավ 32-ի, սակայն բաժնի հղումը գլխավոր էջում դեռ բացակայում է։ Էկրանապատճենները, որոնցում ասվում է, որ հետախուզվող բաժինն անհասանելի է, պահպանվել և տեղադրվել են Ֆեյսբուքում։
Եվս մեկ օր անց՝ հուլիսի 24-ին, CivilnNet պարբերականը հրապարակեց «Դատախազությունը պարզաբանում է՝ կայքից չի հեռացվել Սումգայիթի և Մարաղայի մասին պատմող բաժինը» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդում է, թե նյութերի բացակայությունը կապված է եղել կայքի վերակառուցման հետ, և այս պահին բաժինն արդեն հասանելի է: Իսկ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը վրդովված հայտարարում է, թե հայերի դեմ Ադրբեջանի գործած վայրագությունների մասին բոլոր նյութերը հասանելի են կայքում, և իբր՝ ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում: Ընդ որում, ընդգծում է Մարտիրոսյանը, դա արվում է դիտավորությամբ։
Նիկոլական գլխավոր դատախազի վրդովված խորհրդական Աննա Վարդապետյանի համար հատուկ պարզաբանենք. այս հոդվածը գրելու պահի դրությամբ genproc.am կայքում առկա 32 ֆայլերը ժամանակին եղած և զետեղված էլեկտրոնային արխիվի լավագույն դեպքում մեկ հինգերորդ, իսկ իրականում մոտ մեկ տասներորդ մասն են։ Միայն «սումգայիթի» վերաբերյալ բաժինն ուներ 4 ենթաբաժին, չենք խոսում արդեն 1989-1992թթ. Արցախի հայկական գյուղերում տեղի ունեցած իրադարձությունների, ինչպեսև առանձին՝ Մարաղայի դեպքերի վերաբերյալ նյութերի մասին։
Եվ եթե Մարտիրոսյանը իրեն նեղություն տար ծանոթանալու ֆայլերին, ապա կիմանար, որ կայքում մնացած 32-ի մեջ (ի դեպ, ֆայլերից մեկը կրկնվում է, այնպես որ իրականում դրանք 31-ն են) կա «Ամփոփ տեղեկանք» (թիվ 26), որում նշվում է, որ սումգայիթյան գործերի շրջանակներում ՀՀ Գլխավոր դատախազության կողմից հարցվել է 281 վկա։
Ամբողջ 281։ Սա նշանակում է, որ եթե ժամանակին կայքում տեղադրված է եղել ողջ արխիվի նույնիսկ կեսը, ապա ֆայլերը պետք է առնվազն 5 անգամ ավելի շատ լինեն: Կրկնեմ հատուկ Վարդապետյանի խորհրդականի համար. դա այն դեպքում, եթե զետեղված էր լոկ կեսը, այն էլ միայն «սումգայիթի» առնչությամբ և միայն ականատեսների ու տուժածների վկայությունները, չհաշված մնացած նյութերն ու փաստաթղթերը։ Մինչդեռ, որքանով մեզ հայտնի է, արխիվը թվայնացվել և հրապարակվել է ամբողջությամբ։
Այնպես որ ԶԼՄ-ների «միտումնավոր ապատեղեկատվությունից» վրդովված Վարդապետյանի ու իր խորհրդականների խուսավարումներն ակնհայտորեն նախատեսված են միամիտների համար։ Կամ էլ տվյալ անձնավորությունն ընդհանրապես տեղյակ չէ արխիվի ծավալներից ու բովանդակությունից, և նրա միակ նպատակը գերատեսչությանն ու իր պետին հնարավորինս պաշտպանելն է էլեկտրոնային արխիվը ցանցից հեռացնելու մեղադրանքներից։
Իրականում ամեն ինչ կարված է սպիտակ թելով. Փաշինյանը հրահանգել է «մաքրել» ցանցային բոլոր ռեսուրսները, որոնք այսպես թե այնպես վերաբերում են իր հանցակից թուրքերի կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններին։ Եվ նրա վեցնոցներից մեկը՝ Աննա Վարդապետյանը, որն այդչափ բարձր պաշտոնի է նշանակվել միայն «վարչապետի» օգնական եղած ժամանակ իր թույլ տված հանրահայտ իրավախախտումների շնորհիվ, նետվել է կատարելու այդ հրահանգը նույն եռանդով, որով կատարում է Նիկոլի ցանկացած քմահաճույք։ Թողել են ընդամենը մի քանի ֆայլ. գուցե, ի դեպ, արձագանքը շոշափելու համար: Բարձրացած աղմուկից հետո ստիպված վերադարձրել են արխիվի չնչին մասը, որպեսզի հայտարարեն, թե իբր՝ նյութերը տեղում են։
Միայն թե փաշինյանական նողկալի «թախլաների» ժամանակը վաղուց անցել է. դրանք արդեն չեն գործում։ Երիտհայերի մտադրություններն այնքան ակնհայտ են համընկնում այն ամենի հետ, ինչ տասնամյակներ շարունակ արել է ադրբեջանական քարոզչությունը, որ դժվար թե հնարավոր է որևէ մեկին խաբել կեղծ արդարացումներով, թե իբր՝ տեխնիկական վերակառուցում է։ Փաստը մնում է փաստ. Սումգայիթի, Մարաղայի և այլ բնակավայրերի հայերի դեմ Ադրբեջանի գործած ոճիրների վերաբերյալ Գլխավոր դատախազության վիթխարի արխիվի նյութերի ճնշող մեծամասնությունը անհետացել է կայքից, որտեղ լիովին հասանելի էր 13 տարի շարունակ:
Նույնիսկ եթե վաղը հանրային ճնշման արդյունքում վերադարձվեն ևս մի քանի PDF-ֆայլեր, դա սկզբունքորեն չի փոխի իրավիճակը: Քանզի ակնհայտ է. ՀՀ դե ֆակտո իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց հակահայկական քաղաքականության հերթական փուլին՝ համաշխարհային ցանցում տարբեր ձևաչափերի փաստաթղթերի ոչնչացմանը, որոնք անհերքելիորեն, փաստերով ապացուցում են հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում։ Այսինքն փաշինյանական ոհմակը թուրքերի հանցակիցն է դառնում նաև տասնամյակներ առաջ կատարված հանցագործությունների հարցում. առնվազն նյութերը հեռացնելու, ոչնչացնելու և կեղծելու մասով։
Ինչպե՞ս անվանել սա. սրբապղծություն, ճիվաղություն, մի քանի սերունդների և հարյուր հազարավոր մարդկանց հիշողության անարգում ու պղծում... Բայց մի՞թե նրանց թվում է, թե հեռացնելով տվյալները Գլխավոր դատախազության կայքից և այլ ռեսուրսներից՝ կարելի է ջնջել նույնիսկ ոչ միայն հայոց, այլ համաշխարհային պատմության այդ էջերը։