Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ․ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՄ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԵՄՔԻՑ ԿՄԱՔՐԵՆՔ ԻՐ ՑԻՆԻԿ ԾԻԾԱՂԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արդեն ավանդական է դարձել, որ Փաշինյանի ցանկացած ստերի հերթական աչփաբաժնից հետո ստիպված ենք հանդես գալ դրանց հերքումներով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը:
«Սկսենք նրանից, որ Փաշինյանը եվս մեկ անգամ խոսեց Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին: Ցանկացած նման պնդում պետք է համադրել մեկ կարևորագույն փաստի հետ՝ Հայաստանի այս պահի կառավարիչները հայտարարել են, որ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, ուստի ցանկացած կոչ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ ենթադրում է վերտիկալ տրամաբանությամբ, այսինքն այն, ինչի մասին Բաքուն միշտ երազել է, բանակցությունների նստելու կոչ: Այլ կերպ ձևակերպեմ. Արցախն ասում է՝ մենք բլոկադայի մեջ ենք, երեխաներ են մահանում, որ մենք հաց չունենք, իսկ պաշտոնական Երևանն ասում է՝ գնացեք դա Բաքվին ասեք: Այլ կերպ սա մեկնաբանել պարզապես հնարավոր չէ: Ինչպե՞ս կարող ուղիղ բանակցություններ լինել բաքվի և Ստեփանակերտի միջև, եթե կոչ անողը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում»,-ասաց Մամիջանյանը:
ՀՀԿ-ական գործիչն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը վաղուց իբր ճանաչվել էր Ադրբեջանի մաս. «Անգամ բորելն է խոսել դրա մասին, որ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն էր, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Նախորդիվ բոլոր դեպքերում, երբ խոսվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, որպես միվոր կամ որպես տարածքային ամբողջականություն ընկալվել են այն սահմանները, որով Ադրբեջանն անկախացել է ԽՍՀՄ-ից, այսինքն առանց Արցախի: Ուստի զուգահեռներ տանել այդ հայտարարությունների միջև, մեղմ ասած, դավաճանություն է»,-ընդգծեց նա:
Մամիջանյանը հիշեցրեց, որ եղել է 5 հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կողմից և բոլոր այդ հայտարարություններում ինքնորոշման իրավունքը հստակ արձանագրվել է. «Ավելին, պատերազմից հետո նույնպես եղել է ՌԴ նախագահի, Բորելի, Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպանի հայտարարություններ, որոնք ընդգծում էին ինքնքորոշման իրավունքի կարևորությունը: Մի քանի ամիս առաջ Գերմանիայի կանցլերն է խոսել ինքնորոշման մասին: Էլ չեմ ասում անցյալ ամռանը ռուսական առաջարկների հրապարակայնացմանը, որտեղ խոսվում էր Արցախի կարգավիճակի հետագա ճշգրտման մասին: Ուստի այդ մանիպուլյացիաները պարզապես իր գուգլային որոնումների արդյունքն են: Չի բացառվում, որ նմանօրինակ էլի բաներ գտնի, օրինակ, ինչ-որ աշխատակցի հեռախոսային խոսակցություն գտնի ու ասի՝ այ գիտեք, ինքը ուրբաթ օրը ընկերոջ հետ խմելուց խոսել է սրա մասին»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Փաշինյանի դեմքից կմաքրենք իր ցինիկ ծիծաղը
Ես խոստանում եմ Աշոտյան Արմենի, գեներալ Խաչատուրովի, Մամիկոն Ասլանյանի ու Փաշինյանի հալածանքներից տուժած մեր բոլոր քաղաքացիների ընտանիքներին, որ էն ցինիկ ծիծաղը, որ երեկ տեսանք իր դեմքին, իր դեմքից կմաքրենք, ասաց Հայկ Մամիջանյանը։
Նախօրեին մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետն արձագանքել էր հարցին, որ կալանքի մեջ են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը և Աշոտյանը:
«Ինձ Փաշինայնի ասածն էդքան էլ չի հետաքրքրում, կարծում եմ, որ թե՛ հանրությանը, թե՛ մեր միջազգային գործընկերներին կհետաքրքրի ԵԺԿ, Կենտրոնամետ դեմոկրատների կազմակերպության, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևի արձագանքը, որոնք որպես քաղաքական հալածանք են բնորոշել Հայաստանում տեղի ունեցող գործընթացները», - ասաց Մամիջանյանը։
News.am-ի և Aysor.am-ի նյութերով