Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՄԻԱԿ ՇԱՆՍԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՁԵՐԲԱԶԱՏՎԵԼՆ Է, ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծքով՝ Արցախը հանձնելուց հետո հաջորդ քայլը լինելու է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցումը, որից կարելի է խուսափել միայն իշխանափոխությամբ։
«Բոլոր դեպքերում Հայաստանի գոյատևման միակ շանսը Փաշինյանից ձերբազատվելն է, իշխանափոխությունը։ Եթե հիմա ՀՀ-ից տարածքներ չեն հանձնում, ապա ավելի վատ բան է տեղի ունենում, այն է՝ ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Բա Կիրովաբադի, Բաքվի, Շամխորի, Շահումյանի, Գետաշենի, Մարտունաշենի հայերն ի՞նչ անեն»,- News.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ բանակցություններում ճանապարհների ապաշրջափակման, տեղահանվածներին իրենց բնակավայրեր վերադարձնելու հարցերում շեշտադրումներն արվում են Ադրբեջանի օգտին։
«Օրինակ՝ ճանապարհները, որ մենք Սյունիքով տալիս ենք, ինչի՞ Ադրբեջանը չի հայտարարում, որ մեզ Ղազախով ճանապարհ է տալու դեպի Թիֆլիս, կամ Հյուսիսային Կովկաս․ այդ մասին չի խոսվում, ինչու չի ասվում, որ մենք Նախիջևանով կարող ենք գնալ Ջուլֆա: Հասկացեք, չկա այդպիսի հարցադրում, ճանապարհների ապաշրջափակում, կա այսպիսի հարցադրում՝ ճանապարհների ապաշրջափակում Ադրբեջանի համար»,- ասաց նա։
Բագրատյանի խոսքով՝ այդ բոլորը Փաշինյանի բացահայտ զիջումներն են Ադրբեջանին, թուրքական աշխարհին: Բագրատյանը կրկին շեշտեց, որ այլևս Արցախի հարց չկա, արդեն Սյունիքի ու ՀՀ-ի հարցն է, և Արևմուտքն ու Մոսկվան համակարծիք են այս հարցում՝ ելնելով նրանից, որ կա զիջող մեկ կողմ և հնարավոր է համաձայնություն մեկ կողմի զիջման շնորհիվ։
«Ադրբեջանը սկսել էր պատերազմը Ղարաբաղի համար, ավարտում է պատերազմը խաղաղության պայմանագրով՝ Սյունիքը վերցրած, որովհետև եթե 60 հազար ադրբեջանցի ապրի Սյունիքում, ոչ մեկ Երևանից չի գնա Կապան կամ Գորիս: Այստեղ բանակցություններում մի կողմը չկա, փալաս է»,- ասաց նա:
Բագրատյանի կարծիքով՝ Փաշինյանը Սյունիքով ճանապարհ է խոստացել Ադրբեջանին, չի տրամադրել և այդ պատճառով էլ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը. «Այստեղ ճանապարհ փակողն էլ, բացողն էլ Փաշինյանն է»:
Բագրատյանի համոզմամբ, եթե Փաշինյանը մի փոքր սիրեր Հայաստանը, ինքը պետք է հեռանար. «Քաղաքական դաշտից պետք է հեռանան այն բոլոր ուժերը, որոնք ամբողջապես տապալեցին, Պրահայում հայտարարեցին, որ Արցախը Ադրբեջանի կազմում են չանաչում և հաջորդ քայլով Սյունիքն են հանձնելու»,- նշեց նա:
Բագրատյանի խոսքով՝ Փաշինյանի վարած քաղաքականության միակ նպատակն է մնալ իշխանության: