Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԹՇՆԱՄԱՆՔ Է ՍԵՐՄԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՀՀ-Ի ՄԻՋԵՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման գործադիր կոմիտեի անդամ Նարինե Աղաբալյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունն ատելություն ու թշնամանք է սերմանում Արցախի ու Մայր Հայաստանի միջև:
«Հուսով եմ, որ երեկվա բազմահազարանոց հանրահավաքը ցույց տվեց, որ մենք իրավունք չունենք թողնել որևէ մեկն օտարել Հայաստանն Արցախից, Հայաստանը Նիկոլ չէ և որևէ մեկը բարոյական իրավունք չունի սեպ խրել մեր միջև: Մենք պետք է միասին լինենք ու հաղթահարենք այս փորձությունը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Նարինե Աղաբալյանը՝ մեկնաբանելով նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
Հիշեցնենք, որ Փաշինյանը բավականին կոշտ էր արձագանքել արցախցիների այն հարցերին, որում նրանք դժգոհություն էին հայտնել, որ Արցախում հումանիտար աղետի ֆոնին իր կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքում հրապարակում է իր աճեցրած բանջարեղենը:
Փաշինյանը հայտարարել էր, թե «ոչինչ չեն խնայել Արցախի համար ու սարկազմով ասել, թե «150 մլրդ դրամ են տրամադրել, գոնե աջաբսանդալի մատերիալ աճեցնեին»:
Նարինե Աղաբալյանին չեն զարմացրել Հայաստանի ղեկավարի այս խոսքերը: Փաշինյանը, նրա համոզմամբ, վարում է Արցախը Ադրբեջանին հանձնելու և հայկական պետականությունը կործանելու քաղաքականություն:
«Նիկոլ Փաշինյանը ի վիճակի չէ կամ չի ուզում հասկանալ, որ արցախցին, որին ինքը զրկել է հայրենիքից, այսօր հող է մշակում թշնամու ականանետի նշանառության տակ, այգի է մտնում զրահաբաճկոնով, իսկ կրակոցներից հետո դադարեցնում է աշխատանքը, նաև ոռոգման խնդիրներ հաղթահարելով չի կարողանում այդքան չարչարանքներից հետո աճեցրած բերքը հասցնել սպառողին, որովհետև սպառվել է վառելիքի պաշարը, որի պատճառով մարդիկ ոչ միայն չեն կարողանում բերքը տեղափոխել, այլև տեխնիկան չեն կարողանում մտցնել հասած արտը»,- ընդգծեց Նարինե Աղաբալյանը:
Այսօր արդեն Կառավարությունը հայտարարեց, թե Հայաստանը 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում շրջափակված Արցախ: Աղաբալյանը նկատեց՝ սա պետք է արվեր ավելի վաղ և չսպասեին, որ Արցախում հումանիտար աղետ հասունանա, հետո միայն օգնություն ուղարկեին:
«Նախ պետք է սպասել, հասկանալ այդ բեռը տեղ է հասնում, թե դա ընդամենը դիվանագիտական քայլ էր»,- շեշտեց Աղաբալյանը:
Անդրադառնալով Արցախի նախագահի՝ նստացույցը դադարեցնելու որոշմանը, Աղաբալյանն ասաց, որ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումն ի սկզբանե դեմ էր այդ նախաձեռնությանը, քանի որ պայքարելու այլ ճակատ կար:
«Երկրի ղեկավարը չի կարող հայտարարել նստացույցի մասին, այն դեպքում, երբ գիշերուզօր աշխատելու տեղ կա, ինչ անել, որ մարդիկ սովից չմեռնեն, ինչպես անել, որ բերքը գյուղերից մայրաքաղաք հասցնենք և ինչ անենք, որ մեր ձայնը տեղ հասնի: Կարծում եմ՝ նստացույցը որևէ ձևով դրան չի նպաստել, բայց այն օրհասկան վիաճկը, որը կա Արցախում տարբեր մարդկանց ու ինստիտուտների ջանքերով տեղ է հասել, ինչ-որ ակտիվություն, ճնշում է հարուցվել, այդ առումով մենք կենդանության նշաններ ենք տեսնում, բայց դեռ վստահ չենք, որ սա գործնական քայլի է վերածվելու և Արցախի պաշարումը դրանից հաստատ չի վերանալու»,- ասաց Նարինե Աղաբալյանը: