Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՀՀ-ԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏԱԼԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՆԵԼԸ ԼՐՋԱԳՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ Է ՍՏԵՂԾԵԼՈՒ
Հայաստանից անկլավներ, տարածքներ տալը էապես ազդելու է ՀՀ անվտանգության վրա։ Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում այս մասին ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը:
«Այն լուծումը, որ այսօր սեղանի վրա կա, որն ամրագրվում է ամեն մի հանդիպման ժամանակ, անիրատեսական է: Դրանով Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, գոյություն չի ունենալու: Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 80-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում»,–ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով` 100 000 ադրբեջանցիների Հայաստան գալը լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել. նրանք ոչ թե լուծարվելու են հայերի մեջ, այլ հավանաբար նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Նման լուծումը, Օսկանյանի համոզմամբ, նոր հակամարտության դուռ է բացելու։
Նա շարունակում է պնդել` այլընտրանքներ կան։ Մասնավորապես ԼՂԻՄ–ի հարցը բանակցային օրակարգ բերելով` կարող է բեկում մտցվել բանակցություններում։
Դիվանագետի կարծիքով` ԱԳ նախարարների մոսկովյան եռակողմ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԼՂԻՄ–ի վերաբերյալ «կայծ» գցելու միտք ունեցել է, բայց վերջին պահին ինչ–որ բան է փոխվել։ Սակայն Հայաստանը, ըստ նախկին նախարարի, պետք է այդ հարցից ամուր կառչի։
«ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցը փորձեն բերել բանակցային օրակարգ։ Ադրբեջանն իսկապես այդ մտքից սարսափում է, որովհետև դա Ադրբեջանին դնում է լրջագույն դիլեմայի առաջ։ Եթե նա ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերաբերյալ հարցը մտնի օրակարգ, փաստորեն ինքաբերաբար Շուշիի ու Հադրութի հարցն է գալիս օրակարգ, քանի որ դրանք մաս են կազմել ԼՂԻՄ–ի։ Հենց դրանից է Ադրբեջանը սարսափում»,–ասաց Օսկանյանը։
ՀՀ արտաքին գերատեսչության նախկին նախարարի խոսքով` Ադրբեջանը ինքն էլ հասկանում է, որ բանակցությունների ամբողջ նարատիվը գլխիվայր փոխվելու է։ Հետևաբար Ադրբեջանը դեմ է լինելու, որ այդ հարցը օրակարգ բերվի։
«Դիլեման այն է, որ Ադրբեջանը չի էլ կարող մերժել այդ հարցի օրակարգ բերելը։ Եթե կողմ լինի, Շուշիի ու Հադրութի հարցն է մտնում օրակարգ, եթե դեմ լինի, նրա` անկլավների ամբողջ պահանջն է հօդս ցնդում»,– ընդգծեց Օսկանյանը։
Ավելի վաղ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկել էր, որ իրեն և մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի մտնել բանակցությունների մեջ, այդ դեպքում կկարողանան 2-3 ամսում կտրուկ փոփոխություն մտցնել բանակցային գործընթացում և այն դարձնել շատ ավելի հայանպաստ։ Բայց կար նախապայման` Փաշինյանը այդ ընթացքում 2-3 ամիս չպետք է խոսի։