ԳՈՀ ՁԻՆ
Մոսկվայում Բայրամովի, Լավրովի և Միրզոյանի եռակողմ բանակցությունների Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ամփոփված արդյունքները հայկական դիվանագիտության ձախողման վկայությունն են: Փաշինյանի թիմը նախ փոխարկեց Արցախի ինքնորոշման հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության «իրավունքների և անվտանգության» թեմայի։ Այժմ «իրավունքների և անվտանգության» թեման սահուն կերպով փոխարկվում է Ադրբեջանում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները հավասարապես պահպանելու հարցի՝ համաձայն երկու երկրների ներքին օրենսդրության և երկու երկրների միջազգային պարտավորությունների: Լեռնային Ղարաբաղի մասով՝ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների։ Այն, թե ինչ արժեք ունեն Ադրբեջանի այդ «միջազգային պարտավորությունները», հստակ ցույց է տալիս Արցախին հումանիտար օգնություն տանող և Հակարի կամրջի մոտ լռված ավտոշարասյան հետ կապված իրավիճակը։
Բաքվի դիրքորոշումը պարզ է. Երևանը՝ հանձին Փաշինյանի, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ուրեմն միայն ու միայն իրենց գործն է, թե ինչ կանեն իրենց տարածքում: Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ ընդունում է այդ դիրքորոշումը։ Եվ շնորհակալ է Փաշինյանին, քանզի հայտնի բան է՝ կնիկը սայլից ընկավ, ձիու գործը հեշտացավ։ Լինի դա եվրոպական ձի, ամերիկյան, թե ռուսական։
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում դիմում է արցախցիներին՝ դիմանալու կոչով, քանի որ Հայաստանի վարչապետը մտածում է նրանց մասին ամեն վայրկյան: Հիշում եմ, նույն այդ վարչապետը կոչ էր անում հայ ռազմագերիներին մի քանի ամիս դիմանալ Բաքվի բանտերում։ 2021-ի հունիսին էր կոչ անում։ Բայց Աննա Հակոբյանը իրավացի է։ Նիկոլ Փաշինյանն իսկապես ամեն վայրկյան մտածում է արցախցիների մասին։ Այն մասին, թե ինչպես արագացնի Արցախը Ադրբեջանին հանձնելու գործընթացը և ինչ նոր փաստարկներ կարելի է հորինել դրա համար։
Աննա Հակոբյանը դիմում է արցախցիներին և կոչ անում չնախանձել երևանցիներին, որոնք գարեջրի փառատոններ են անցկացնում այն օրերին, երբ Արցախի նախագահն իր չճանաչված հանրապետությունը հայտարարում է աղետի գոտի: Աննա Հակոբյանը վստահեցնում է, թե Արցախում ևս փառատոններ կլինեն: Ըստ էության, նա իրավացի է։ Արցախում արդեն փառատոններ են ընթանում ադրբեջանցիների բռնազավթած Շուշիում։
Լևոն Տեր-Պետրոսյանը լռում է։ Դե, ի՞նչի մասին խոսի, եթե ենթադրում է, որ Արցախը Ադրբեջանին հանձնելու հարցը լուծված է։ Ռոբերտ Քոչարյանը լռում է։ Ինչի՞ մասին խոսի, եթե ենթադրում է, որ հարցը լուծված է։ Թեպետ… Քոչարյանի թիմը, անշուշտ, հպարտանալու բան ունի։ Մի քանի ամիս առաջ, այդ թվում նաև իրենց ջանքերի շնորհիվ, տեղի ունեցավ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի պետնախարարի պաշտոնից, որը չափազանց շատ հարցազրույցներ էր շռայլում միջազգային լրատվամիջոցներին... Իսկ Սերժ Սարգսյա՞նը։ Սերժ Սարգսյանը նամակ է գրել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդներին, վկայելով այն մասին, որ ինքը համոզված է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կարող են համաձայնեցված փոխել իրավիճակը, թույլ չտալ Արցախի 120.000 քաղաքացիների ցեղասպանություն, ապահովելով նրանց ապագան ազգերի ինքնորոշման իրավունքին համապատասխան: Արմեն Սարգսյա՞նը։ Ավելի լավ է լռենք…
Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը հրաժարական տվեց: Բաքվում դա մեկնաբանում են որպես իշխանության մարմինների ինքնալուծարման Ալիևի պահանջի կատարում։ Դա այդպես չէ. պարզապես Արթուր Թովմասյանը սպառել էր իր հնարավորությունները։
Արմեն Աշոտյանը բանտում է։ Գրիգորի Խաչատուրովը բանտում է։ Միքայել Արզումանյանը բանտում է։ Իհարկե, նրանք ոչ մի բանում մեղավոր չեն։ Բայց երևի դա մարդասիրական է, որ հիմա նրանք բանտում են։ Այդպես նրանց համար ավելի հեշտ կլինի դիմանալ այն նվաստացմանը, որ մենք բոլորս ապրում ենք այսօր:
Առայժմ բոլոր երեք բանակցային հարթակներում (Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում) խոսքը դե ֆակտո այն մասին է, թե ինչպես Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության մնացած երկու տարիներին Արցախի թիկունքում լուծել Ադրբեջանին նրա «վերաինտեգրվելու» հետ կապված բոլոր հարցերը և կանգնեցնել Արցախին ընտրության առջև. Բաքվի պայմանների ընդունում՝ ցեղասպանության հեռանկարով, վերաբնակեցում Հայաստանում, զինված դիմադրություն։ Դատապարտված զինված դիմադրություն:
1988-ից մինչև 2018 թվականը հպարտության տարիներ էին՝ Արցախի ազատությունը նվաճած սերնդին պատկանելության համար։ 2018-ից սկսվեց հետհաշվարկը. ամոթի տարիներ՝ Արցախին դավաճանած սերնդին պատկանելության համար: Թեև, ինչ ենք շարունակ խոսում Արցախի ու միայն Արցախի մասին։ Պետք է նաև Հայաստանի մասին ասել։ Անկախ հանրապետության, որի ղեկավարը, ցավոք, Նիկոլ Վովայի Փաշինյանն էր։
Իսկ արդեն 8 ամիս շարունակ պաշարված Արցախը կանգնած է պարսպի պես՝ պաշտպանելով իրեն և Հայաստանը։