Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը փոխվել է
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջադեպի գործով դատական նիստում դատարանը փոխել է Մհեր Սահակյանի խափանման միջոցը: մասնավորապես, Հայաստանից բացակայելու արգելքը փոխարինվել է գրավ խափանման միջոցով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա մարտի 31-ին ՔՊ–ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և Մհեր Սահակյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում։
Ըստ նախաքննական մարմնի՝ Մհեր Սահակյանը մոտեցել է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին։ Հարվածի հետևանքով Վարդանյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը: Փակ գաղտնի քվեարկությամբ Մհեր Սահակյանը զրկվեց անձեռմխելիությունից:
Մհեր Սահակյանն ասել էր, որ կողմ է քվեարկելու իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելուն։
Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի (խուլիգանություն) առաջին մասով և 171-րդ հոդվածի (առողջությանը թեթև վնաս պատճառելը) 2-րդ մասի 7-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկրից չբացակայելու մասին արգելքը: