ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԵՄԱՏԵԼԻ Է ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ» ՀԵՏ
Հայաստանի դե ֆակտո իշխանությունների հումանիտար բեռի հետ կապված պատմությունն ավելի ու ավելի կոնկրետ ուրվագծեր է ստանում՝ լիովին արդարացնելով որոշ փորձագետների անմիջապես արտահայտած այն միտքը, որ այս ամենը Արայիկ Հարությունյանի հետ միասին Փաշինյանի և Ալիևի լավ կազմակերպված շոուն է։ Եթե չլիներ Արցախում տեղի ունեցող ողբերգությունը, սա կարելի էր անվանել զավեշտ, սպիտակ թելով կարված ապաշնորհ պերֆորմանս, այնքան ակնբախ են այժմ արդեն երևում այդ եռյակի և նրանց հետևում կանգնած համաշխարհային կենտրոնների իրական նպատակները:
ՀՀ իշխանությունների մտադրությունների անմաքրության վերաբերյալ կասկածներ առաջացան արդեն այն ժամանակ, երբ Փաշինյանի ասուլիսը նշանակվեց հենց Լավրովի, Միրզոյանի և Բայրամովի հանդիպման օրը։ Եվ կայծակնային արագությամբ հավաքված բեռի առաքումը Մոսկվայում բանակցությունների ավարտից բառացիորեն անմիջապես հետո տրամաբանորեն ընկալվեց որպես Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք։
Նիկոլի հուլիսի 25-ի ասուլիսն, անշուշտ, կմտնի Երրորդ հանրապետության պատմության մեջ որպես «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման ամենաամոթալի, խայտառակ ու ցինիկ էջերից մեկը: Թե ինչպես է մարդ արարածի մեջ տեղավորվում այդքան զազրանք, սուտ, չարություն, ստորություն, եսակենտրոնություն, ողորմելիություն, ցինիզմ ու ատելություն հայրենակիցների նկատմամբ, երևի էթնոհոգեբաններին ու մարդաբաններին ուղղելիք հարց է: Նրա հետ դրանում կարող է մրցել թերևս միայն իր կինը, որը սոցցանցում տեղադրում է «սեփական ձեռքով աճեցրած» բանջարեղենից իր ընթրիքի լուսանկարը՝ 120 հազար հայերի սրընթաց ահագնացող սովի խորապատկերին…
Բայց, ինչպես միշտ, Նիկոլի ու իր տերերի պարագայում ամեն ինչ հանգամանորեն մտածված էր մի քանի քայլ առաջ։ Ուստի սկզբում նա անթաքույց թշնամանքով ու զայրույթով լի զազրելիագույն բառակույտ ժայթքեց մահվան առջև անսասան կանգնած արցախցիների հասցեին՝ մեղադրելով նրանց «ադրբեջանական գործառույթ կատարելու» մեջ։ Թեև գործնականում բոլորին և վաղուց արդեն պարզ է, թե հատկապես ով է արդեն 5 տարի շարունակ Հայաստանում կատարում Բաքվի և՛ գործառույթները, և՛ հրահանգները։ Իսկ մի քանի ժամ անց հանդիսավորությամբ հայտարարվեց, որ կառավարությունը որոշել է հումանիտար բեռ ուղարկել Ստեփանակերտ. ընդգծեմ՝ շրջափակման սկսվելուց յոթուկես ամիս անց։
Փաշինյանի սույն «մարդասիրական» քայլը, որը, իբր, անկախ ամենից օգնում է «անշնորհակալ» արցախցիներին, որոնք ի տարբերություն իր «աշխատասեր» ընտանիքի, չեն կարողանում նույնիսկ սմբուկ աճեցնել, պատշաճ կերպով ներկայացվեց ու գովազդվեց իրեն սպասարկող քարոզչամեքենայի կողմից։ Ամեն կերպ նշվում ու գովաբանվում էր բեռի պարունակությունը, լայնորեն լուսաբանվում էր շարասյան ճանապարհը մինչև Սյունիք և ցուցադրական զննումը օտարերկրյա դիվանագետների կողմից՝ ապացուցելու համար, որ բեռնարկղերում մարդասիրական օգնությունից բացի այլ բան չկա։
Ի դեպ, քաշի հարցում որոշակի անհամապատասխանություն ստացվեց։ Պետական պաշտոնյաների բոլոր հարցազրույցներում նշվում էր 400 տոննա թիվը, իսկ այ Նիկոլն ինքը հաջորդ օրը սոցցանցերում իր գրառումներից մեկում նշել էր 360 տոննա։ Թե նրանցից ով է ստում, արդեն այնքան էլ էական չէ, քանզի 40 տոննան շրջափակված Արցախի համար երիտհայերի պատկերացմամբ այնպես, մանրուք է։ Մանավանդ որ շատ շուտով պարզվեց. արցախցիներին օգնություն ուղարկելը բացառապես Փաշինյանի գովազդային ակցիան է, որն ընդ որում հետապնդում է միանգամից մի քանի նպատակ։ Իրականում ՀՀ իշխանությունները շատ լավ գիտեին, որ բեռը նշանակման վայր չի հասնելու։
Բերանից թռցրեց (գուցե պատահաբար, իսկ գուցեեվ միտումնավոր) Փաշինյանի կամակատարներից մեկը։ «Հատուկ հանձնարարություններով դեսպան» Էդմոն Մարուքյանը անսպասելիորեն հայտարարեց, որ «Արարատ Միրզոյանը մոսկովյան հանդիպման ժամանակ չի քննարկել հուլիսի 26-ին Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ փոխադրելու հարցը»: Այսինքն տվյալ նախաձեռնությունը Մոսկվայի հետ համաձայնեցված չի եղել, և Լաչինի միջանցք մտնելով՝ ՌԽԶ-ին պարզապես կանգնեցրել են փաստի առաջ, պահանջելով պայմանավորվել ադրբեջանցիների հետ և ապահովել մուտքը Արցախ։ Իսկ երբ դա, բնականաբար, չհաջողվեց, օգնության առաքման հետ առնչություն ունեցող պետական պաշտոնյաներն ու բուն Արցախում որոշ հայտնի անձինք սկսեցին կատաղի մեղադրել խաղաղապահներին և ընդհանրապես ՌԴ-ին անմիջական պարտավորությունները կատարելու անկարողության մեջ։
Այն հայտարարությունները, որ արդեն բավական երկար ժամանակ հնչեցնում են Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչները, շրջափակման վերացման հարցում Մոսկվայի ակնհայտ պասիվությունը և Արցախի կարգավիճակի վերաբերյալ նրա դիրքորոշումը, անշուշտ, հարուցում են հայ հասարակության սաստիկ վրդովմունքն ու զայրույթը, ինչն, ըստ էության, արդեն չի էլ թաքցվում։ Հայաստանում Ռուսաստանի նույնիսկ ամենահավատարիմ բարեկամներն ու կողմնակիցները վաղուց տարակուսում են այն առնչությամբ, թե ինչպես է իրեն պահում տարածաշրջանում Հայաստանի ռազմավարական դաշնակից երկիրը, և ինչպես է ՀՀ օկուպացիոն իշխանությունների օրինակով անթաքույց հանձնում նույնիսկ ոչ թե հայկական Արցախը, այլ իր իսկ կենսական, ազգային ու պետական շահերը։
Եվ ոչ մի հղում բուն Հայաստանի իշխանությունների դավաճանությանը այլևս չի գործում, քանի որ Ռուսաստանն իսկապես ունի իր հստակ պարտավորությունները առնվազն Լաչինի միջանցքի հարցում՝ համաձայն 9.11.2020 թ. եռակողմ հայտարարության։
Բայց այս ամենով հանդերձ, հայ հասարակության մեջ կա հստակ ըմբռնում, որ ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահները արցախահայության միակ պաշտպանն են, և միայն նրանց ներկայությունն է հետ պահում Բաքվին հարցի լուծման ուժային մեթոդներից: Սա հենց այն դեպքն է, երբ մենք հերթական անգամ ստիպված ենք ընտրել չարյաց փոքրագույնը, ընդ որում՝ այն պայմաններում, երբ ընտրություն, ըստ էության, չկա։
Այն, ինչ այս օրերին անում է Հայաստանի դե ֆակտո իշխանությունը, առավելագույն ստորություն է 120 000 արցախցիների նկատմամբ, տականքություն ու հերթական դավաճանություն։ Խաղալով մարդկանց զգացմունքների վրա, փորձելով միավորներ վաստակել ծայրեծայր կեղծ «մարդասիրության» ցուցադրումով և գոնե մի քիչ բարձրացնել իր անհուսալիորեն կորսված վարկանիշը՝ Նիկոլն իրականում հետապնդում է կրկին իսկ բացառապես կեղտոտ նպատակներ։ Որոնք, ինչպես միշտ, բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունեն ո՛չ մարդասիրության, ո՛չ կարեկցանքի, ո՛չ ազգային ու պետական շահերի, ո՛չ էլ հայրենակիցների հանդեպ պարտքի գիտակցման և հումանիտար աղետի պայմաններում ապրող մարդկանց օգնելու ցանկության հետ:
Մարդասիրական օգնություն ուղարկելով Արցախ՝ Փաշինյանը գերազանց գիտեր, որ Բաքուն թույլ չի տա դա տեղ հասցնել, բայց նույնքան լավ հասկանում էր, որ դրա համար մեղավոր կհամարվեն խաղաղապահները։ Իր գործողությունները նա համաձայնեցրել է ոչ թե նրանց հետ, ովքեր կարող էին «հողի վրա» նախապես փորձել ապահովել ավտոշարասյան անցումը, այլ նրանց, ովքեր շահագրգռված են մեկ հարցում. ՌԽԶ-ի դուրսբերում Արցախից և, որպես հետևանք, արցախահայության գաղթ Հայրենիքից։ Եվ ինչպես էլ որ վերաբերվենք Ռուսաստանի քաղաքականությանը, փաստն այն է, որ Փաշինյանի բոլոր գործողությունները տվյալ դեպքում հավասարապես ուղղված են Մոսկվայի և Արցախի, Հայաստանի և հայ ժողովրդի գոյաբանական շահերի դեմ: Ինչպեսև, ասենք, այն ամենը, ինչ նա անում է:
Ակներև է հայտնի թեզի դասական, պարզապես իդեալական իրավիճակը. «Բա խեղճ Նիկոլը ի՞նչ կարա անի»։ Չէ՞ որ նա անկեղծորեն լավն էր ցանկանում, բայց... Բայց ստացվեց ինչպես միշտ. Փաշինյանը ոչ մի բանում մեղավոր չէ, մեղավոր են ուրիշները, տվյալ դեպքում՝ Ռուսաստանը։ Դե, իսկ «վարչապետի» ցուցաբերած «մարդասիրությունը» կարելի է համեմատել թերևս միայն իր յուզգյարի ու համախոհի «մարդասիրության» հետ, այդ թվում՝ Արցախից ՌԽԶ-ի դուրսբերման հարցում, հնարավոր է նույնիսկ՝ վաղաժամկետ։
Հայ ժողովրդի այն դահճի, որը նստած է Բաքվում և հաճույք է ստանում մարդկանց, այդ թվում՝ երեխաների տառապանքներից, Փաշինյանի հետ համատեղ վերջնագիր ներկայացնելով արցախցիներին. կա՛մ նախիջևանացմամբ հղի «ինտեգրում», կա՛մ սովամահություն։