Ադրբեջանի ԱԳՆ-ն «վայրահաչել» է

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ի պատասխան Բաքվին կարգի հրավիրելու և հումանիտար բեռը Լաչինի միջանցքով բաղ թողնելու միջազգային հանրության կոչի։ Հայտարարությունը հրապարակվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում։

Դրանում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փաստեր և հիմքեր չունենալու պատճառով թվարկում է արդեն ձանձրացրած դատարկ մեղադրանքները Հայաստանի հասցեին և Երևանին է վերագրում բանակցային գործընթացը խափանելու սեփական ձգտումը։

Չկատարելով պարտավորությունները, այդ թվում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում, Ադրբեջանը մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար Հայաստանին մեղադրում է «պարտավորությունները չկատարելու մեջ». «Հակառակ իր պարտավորությունների՝ Հայաստանը լրիվ չի հանել իր զինված ուժերն ադրբեջանական հողերից, հակառակը, իրականացրել է դրանց փոխատեղում Լաչինի ճանապարհի միջոցով, նրանց մատակարարել է զենք և զինամթերք, շարունակել է ֆինանսավորել իր զորքերին ադրբեջանական տարածքներում՝ ի հաշիվ Հայաստանի պետբյուջեի, զբաղվել է Ադրբեջանի բնական հարստությունների թալանով»։

Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի մասին ազդանշանները Բաքվում անվանել են «կեղծ», իսկ հիշատակումը լարված իրավիճակի մասին վերցվել է չակերտների մեջ։ «Ադրբեջանական կողմը առաջ է քաշել մի շարք առաջարկություններ, այդ թվում Աղդամ-Խանքենդի և այլընտրանքային այլ ճանապարհների օգտագործումը՝ Ղարաբաղի հայ բնակիչների կարիքների բավարարման համար։ Բայց հայկական կողմը դեմ է այդ առաջարկներին, որոնք աջակցվել են Եվրամիության և ԿԽՄԿ-ի կողմից, փակել է տարածքի հասանելիությունը՝ բետոնե պատնեշներ դնելով այլընտրանքային ճանապարհներին։ Սա մեկ անգամ ևս մատնանշում է այն, որ Հայաստանի հայտարարությունները հումանիտար իրավիճակի մասին քաղաքական շանտաժ են և մանիպուլյացիաներ։ Հայաստանի նպատակը երրորդ կողմերին տարածաշրջան ներգրավելն է, լարվածության աշխարհագրության ընդլայնումն ու խաղաղ գործընթացի խափանումը»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

«Բաժին է հասել» նաև երրորդ երկրներին. «Անթույլատրելի է, որ մի շարք երկրներ և կազմակերպություններ, աչք փակելով ադրբեջանական տարածքների օկուպացիայի վրա 30 տարվա ընթացքում, կանխակալ հայտարարություններ անեն Ադրբեջանի դեմ։ Այդ երկրները և միջազգային կազմակերպությունները վերջին երեք տարվա ընթացքում նաև անտեսել են հայկական զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի տարածքում։ Մենք պահանջում ենք երկրներից և միաջզգային կազմակերպություններից, որոնց խաբել են Հայաստանի մանիպուլյացիաները, և որոնք կողմնակալ հայտարարություններ են անում, հարգել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, չմիջամտել մեր երկրի ներքին գործերին և վերջ դնել երկակի չափորոշիչների քաղաքականությանը»։

Այսպիսով, միջազգային հանրությունից պահանջելով «չմիջամտել ներքին գործերին»՝ Բաքվում բացահայտ ընդունում են մի ինչ-որ պատժիչ արշավանքի պատրաստությունը, միաժամանակ մոռանալով, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումը չի կարող համապատասխանել երկրի գործերին չմիջամտելու պահանջին, ինչպես հակառակը, և նման օրինակներ հայտնի են։

News.am