Աղաջանյան․ Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է
Երևանում աղբահանության խնդիրն ամբողջությամբ լուծված է։ Այս մասին քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի տնօրեն Բագրատ Աղաջանյանը:
Ավելի վաղ Երևանի բնակիչները սոցցանցերում լուսանկարներ էին տարածել, որոնցում երևում էր, որ քաղաքում աղբահանության հետ կապված խնդիրներ կան։
Հարցին անդրադարձել էին նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը մի քանի շաբաթ առաջ զեկուցել էր, որ որոշ վարչական շրջաններում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան աղբամանների գերբեռնվածություն և կուտակումներ։
«495 սանմաքրման աշխատակից, շաբաթական 6-օրյա ռեժիմով, ապահովել են մայրաքաղաքի բակերի ու փողոցների մաքրությունը։ 2 հերթափոխով աղբահանություն է կատարել 73 աղբատար մեքենա։ 7-օրյա գրաֆիկով աշխատել են նաև 3 փոշեկուլ մեքենա ու 21 ջրցան մեքենա»- ասաց Աղաջանյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե երբ Հայաստան կհասնեն հավելյալ աղբատար մեքենաները։ Բագրատ Աղաջանյանը պատասխանեց` շուտով։
«Առաջարկում եմ, այդ շուտովն այսօր ինձ զեկուցեք օրերի տեսքով»,– արձագանքեց Ավինյանը։
Հիշեցնենք, որ աղբահանության խնդրի վերաբերյալ ծառայողական քննություն էր նախաձեռնվել։
Sputnik Արմենիա