Չենք լռելու. երիտասարդներն Արցախում իրավիճակի մասին ՄԱԿ գրասենյակ նամակ հանձնեցին
Երևանում ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնողները Արցախում տիրող իրավիճակի և արցախցիների առօրյա խնդիրների մասին նամակով տեղեկություններ փոխանցեցին գրասենյակ։ Այս մասին լրագրողներին հայտարարեց ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանը։
Նշենք, որ ակցիան իրականացվում է ի աջակցություն արցախցի Վագիֆ Խաչատրյանի, որին հուլիսի 29-ին ադրբեջանցի սահմանապահները առևանգել էին Լաչինի միջանցքում գտնող ապօրինի տեղադրված անցակետի մոտից։
«Զրուցել ենք արցախցիների հետ ու այս պահին այնտեղ առկա խնդիրների մասին են հայտնել, մենք էլ նամակում գրել ենք այդ մասին։ Նպատակ ունենք, որպեսզի այստեղից Նյու Յորքի իրենց գլխամասային գրասենյակ փոխանցվի այս տեղեկությունը։ Կարևոր է, որպեսզի Նյու Յորքի գրասենյակի և արցախցու միջև կապ հաստատվի, որպեսզի քաղաքացիները սուբյեկտայնություն ստանան։ Չենք լռելու, պետք է գործենք ի նպաստ արցախահայության, Արցախի Հանրապետության»,– ասաց Այվազյանը։
Ակտիվիստներից մեկը` Հասմիկը, նամակը հանձնելուց հետո ասաց, որ իրենք փաստեր ներկայացնելուց բացի հանդիպում են խնդրում ՄԱԿ իրավասու ներկայացուցչի հետ։
Sputnik Արմենիա