Առևանգված արցախցու դուստր․ Ես նույնիսկ չգիտեմ՝ հայրս ո՞ղջ է, սիրտը դիմացել է, թե՝ չկա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես ոչ միայն ՄԱԿ-ի գարսենյակից, այլ բոլորից առհասարակ պահանջ ունեմ՝ վերադարձնել հայրիկիս. Ամեն մեկն իր լծակները թող կիրառի: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց լրագրողներին ասաց Վերա Խաչատրյանը՝ ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դուստրը:

 

«Ինչպես բերել, հանձնել են ադրբեջանցիներին, այնպես էլ թող վերադարձնեն: Իմ հայրը հանցագործն չէ, նա ապրել է իր կյանքն արժանապատիվ, և ոչ ոք իրավասու չէ իմ հայրիկին հանցագործն անվանելու:

Ինչ հայրիկիս տարել են, մենք օրուգիշեր չունենք: Հայրս շատ վատ առողջական վիճակում է, պետք է բաց վիրահատություն տաներ: Ես նույնիսկ հիմա չգիտեմ՝ իմ հայրը ո՞ղջ է, իրտը դիմացե՞լ է, թե չկա»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։