Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ. ԵՐԲԵՎԷ ԹՇՆԱՄՈՒ ԱՌԱՋ ՉՆԱՀԱՆՋԱԾ ԳԵՆԵՐԱԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՄԵՋ ՊԱՀՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի ազատության մեջ գտնվելը կարող էր և կարող է խոչընդոտել միայն ու միայն թշնամուն՝ թուրք-ադրբեջանական տանդեմին»,-ասաց անազատության մեջ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հանրային պաշտպանության նախաձեռնության անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Հիմնավորելով խոսքը՝ նա նշեց, գաղտնի չէ, մեր հայրենիքի տարբեր հատվածներ շարունակում են մնալ թշնամու թիրախում, դրանց թվում են այսպես կոչված անկլավները, որոնք իրականում մեր հայրենիքի անբաժան մասն են։
«Ալիևի վերջին ելույթը բացահայտ պահանջ էր, ըստ որի, Հայաստանը ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պատրաստակամ պետք է լինի վերադարձնելու այսպես կոչված անկլավները։ Դրանք միլիմետր առ միլիմետր գիտի գեներալ Խաչատուրովը, դրանց ստրատեգիական նշանակությունը գիտի գեներալ Խաչատուրովը։ Հիմա, երբ միջազգային որևէ երաշխիք չի գործում, անգամ Կարմիր Խաչի բուժառուին ահաբեկչական Ադրբեջանն առևանգում է օրը ցերեկով, ավելի առաջնային պլան են գալիս անհատները, որոնք կարող են բեկում մտցնել իրավիճակում։ Այդ անհատներից է Գրիգորի Խաչատուրովը, որը անկալվների՝ այսինք Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններին կարող էր և կարող է դեմ կանգնել և որպես գեներալ, և որպես քաղաքացի»,-ասաց Մելքոնյանը։
Նա նշեց, Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրածները երբևէ մտածե՞լ են, որ այդ քայլերի հետևանքով իրենք էլ մի օր հայտնվելու են ադրբեջանական թիրախում, երբևէ մտածե՞լ են, որ ամբողջ գործընթացը վնաս է պետականությանը, ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին։
«Երբևէ թշնամու առաջ չնահանջած գեներալին ինչո՞ւ են ազատազրկման մեջ պահում։ Արդյո՞ք թշնամու առաջ չնահանջած գեներալն ու քաղաքացին պետք է խուսափեր հայաստանյան տարբեր կառույցների գործընթացներին մասնակցելուց։ Իհարկե, ոչ։ Չնահանաջած գեներալին ազատազրկել՝ հիմնավորելով, թե նա կաող է խոչընդոտել քննությանը, անարգանք է նաև հայ սպայի նկատմամբ»,-ասաց նա՝ խոսքը եզրափակելով լեհ գրողի՝ անտարբերների դավադրության մասին մտքերով։