Թաթուլ Պետրոսյան․ Գրիգորի Խաչատուրովին պատժում են, որ ինքը երկրի սահմաններն ամուր է պահել

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին պատժում են սպայական արժանապատիվ վարքագիծ ունենալու համար: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արդարադատության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։

«Պատժում են, որ ինքը երկրի սահմաններն ամուր է պահել: Պատժվում է, որովհետև ինքը հետ չկանգնեց այն գործողություններից, որ ժամանակին 41 գեներալներ և գնդապետներ դեռևս 2021-ի փետրվարի 25-ին արձանագրել և հրապարակել էին, որ այս իշխանություններն ազգակործան և երկիրը կործանման են տանում: Այս արժանապատվությունը պահելու պայմաններում է, որ Խաչատուրովին պահել են»,– ասաց Պետրոսյանը։

Թաթուլ Պետրոսյանի խոսքով՝ այս գործն ուղղորդված է. «Այս իշխանությունները որպեսզի իրենց հետագա դավաճանական քաղաքականությունն իրականացնեն, ամբողջությամբ ոչնչացնում ու կազմաքանդում են բանակն ու արժանապատիվ սպաներին պահում ճաղերի հետևում: Նրանք վախենում են այդ անձանցից, հետևաբար այդ վարքագիծն են դրսևորում»:

Նա ընդգծեց, որ Գրիգորի Խաչատուրովը բացառապես քաղաքական պատվերի պայմաններում է գտնվում կալանքի տակ:

«Պատվեր կատարող սուբյեկտներին եթե հանձնարարվում է անբարոյականություն անել, հետևաբար պետք է կատարե՞ք, և նորից մեղանչե՞ք: Նրանք չեն կարող պատասխանատվության չենթարկվել: Անօրինական հրաման կատարելը ևս հանցագործություն է»:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաև «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում) և ևս 9 անձի:

News.am