Սարգսյան․ Միջազգային հանրությունը գիտակցում է` ԼՂ-ում խորացող հումանիտար ճգնաժամն իրական է
Միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի հետ կապված մտահոգությունների և ուշադրության զգալի աճ կա, ինչպես նաև գիտակցում, որ մարդկանց կյանքին իրական վտանգ է սպառնում։ Չնայած դրան, հումանիտար բեռի տեղափոխման հետ կապված, այս պահին փոփոխություններ չկան։Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«ԱՄՆ-ից, եվրոպական տարբեր կառույցներից, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից, Ֆրանսիայի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից ականատես ենք լինում հայտարարությունների և կոչերի: Այս ուղերձներում հիմնականում շատ հստակ և հասցեական մատնանշվում է և կոչ է արվում Ադրբեջանին բացել արդեն գրեթե 8 ամիս փակված վիճակում գտնվող Լաչինի միջանցքը և չխոչընդոտել հումանիտար բեռների տեղափոխմանը»,- շեշտել է Վարդան Սարգսյանը:
Նա անդրադարձել է նաև Արցախում տեղի ունեցող այն դեպքերին, երբ հացի հերթերում ուշաթափություններ են լինում։
«Կա սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս, մինչդեռ կրկին մեր հումանիտար օգնությունը՝ 19 բեռնատարով, որտեղ կա ալյուր, որը կարող է նպաստել նրան, որ հիշյալ միջադեպը տեղի չունենա հացի հերթի մեջ, կա դեղորայք, որը կարող է այդ կարիքները հոգալ, դեռևս մնում է անշարժ, և ուղեբեռը փաստացի չի հասնում իր նպատակին»,- ընդգծեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահներից արձագանք դեռ չկա, տեղաշարժի հետ կապված էլ նույն իրավիճակն է:
Sputnik Արմենիա