ՀԱՐՎԱԾ ՍԵՎԱՆԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻՆ. ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՐԱՌԸ
Սևանա լիճը բնապահպանական լուրջ խնդրի առաջ է կանգնել մի շարք պատճառներով։ Սակայն Սևանից լրացուցիչ ջրառ թույլատրելու իշխանությունների որոշման վրա դա չի ազդել։ Թե ինչի կհանգեցնի այս որոշումը՝ պարզել է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Սևանը Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշարի հիմնական աղբյուրն է և առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման համար: Ներկայումս լճի էկոհամակարգը լավագույն վիճակում չէ, իսկ հավելյալ ջրառը միայն կվատթարացնի այն։
Հուլիսի 12-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստում հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրինագծին՝ 2023 թվականին Սևանից ջրառն ավելացնելու մասին՝ 170 մլն խմ-ից հասցնելով 240 մլն խմ-ի։ Ընդ որում, պատգամավորները հաշվի չեն առել մի շարք պրոֆիլային կառույցների բացասական գնահատականներն ու եզրակացությունները։ Մասնագետները կարծում են, որ լրացուցիչ ջրառը կհանգեցնի լճի ջրային բացասական հաշվեկշռի, բացասաբար կանդրադառնա մակարդակի բարձրացման տեմպերի վրա, և 2024 թվականի ամռան համար է՛լ ավելի ինտենսիվ ծաղկում են կանխատեսում:
Ինչո՞ւ է լրացուցիչ ջրառը խնդիր
Սևանա լճից ջրի բաց թողնման թույլատրելի ծավալը կազմում է 170 մլն խմ, սակայն լրացուցիչ ջրառ իրականացվել է նաև նախորդ տարիներին:
Հանրապետության իշխանությունները 2001 թվականին ընդունել են «Սևանա լճի մասին» օրենքը, որի համաձայն ջրամբարը սահմանվfn է որպես ռազմավարական նշանակություն ունեցող: Այդ ժամանակ էլ որոշում է կայացվել լճի մակարդակը բարձրացնել 6 մ-ով, ինչը կհանգեցնի ջրի ծավալի ավելացմանը մոտ 9 մլրդ խմ-ով և թույլ կտա բարելավել ջրամբարի էկոլոգիական վիճակը՝ նպաստելով հիպոլիմնիոնի (սառը շերտի) վերականգնմանը։
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների, մոնիթորինգի և կադաստրի վարման բաժնի պետ Արայիկ Հունանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց՝ պատահական չէ, որ իշխանությունների որոշումը մասնագետների մոտ այս տարի նման արձագանք է առաջացրել։
«Հուլիսի 23-ի դրությամբ լճի ջրի մակարդակը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 16 սմ-ով ցածր է: Արդեն իսկ առկա բացասական պատկերի ֆոնին լրացուցիչ ջրառները կհանգեցնեն բացասական հաշվեկշռի, լճի մակարդակի բարձրացման տեմպերի դանդաղեցման։ Չի բացառվում, որ արդեն 2024 թվականի հունվարին ջրի մակարդակը էապես ցածր լինի այս տարվա ցուցանիշից»,-ասաց Հունանյանը։
Նա նշեց, որ 21 տարվա ընթացքում՝ 2002 թվականի հունվարին «Սևանա լճի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց ի վեր (ջրի մակարդակը՝ 1896,66 մ- խմբ.) մինչ օրս (ջրի մակարդակը՝ 1900,51 մ.) լճի մակարդակը հաջողվել է բարձրացնել ընդամենը 4 մետրով: Նրա խոսքով՝ լճի մակարդակը 6 մետրով բարձրացնելու որոշումը լուրջ հիմնավորում ունի և չափազանց կարևոր է նրա էկոհամակարգի վերականգնման համար:
Ներկայումս լճում նկատվում է ջերմաստիճանի մասնատման (շերտավորման) շրջանի նվազում, հիպոլիմնիոնի ծավալի նվազում։ Արդյունքում լճի միջին ջերմաստիճանը բարձրացել է գրեթե 2 աստիճանով, հորիզոնական և ուղղահայաց հոսանքներն ավելի ինտենսիվ են դարձել, ինչը հանգեցրել է կշռվող և լուծվող օրգանական նյութերի խտության ավելացմանը, ինչպես նաև ջրի մակերևույթից մինչև հատակ հավասարաչափ ջերմացմանը։
«Մակարդակը պետք է բարձրացվի հենց հիպոլիմնիոնի (սառը մակարդակի) վերականգնման համար։ Այն թույլ կտա, որ հատակը չտաքանա և կկասեցնի լճում ընթացող բացասական գործընթացները, որոնց դրսևորումներից մեկը ծաղկումն է»,-ասաց Հունանյանը։
Իր հերթին «Սևան» ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը ևս բացասական եզրակացություն է տվել ջրառների վերաբերյալ, սակայն հասկանում է իշխանությունների որոշման դրդապատճառները։
«Մենք դեմ էինք լրացուցիչ ջրառին, սակայն որոշումը պայմանավորված է այս տարի տեղումների փոքր ծավալներով, ինչը հանգեցրել է Արարատյան դաշտի ջրամբարներում գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համար անհրաժեշտ ջրի պաշարների անբավարար մակարդակի»,-ասաց Մնացականյանը:
Ծաղկման գործընթացը սկսվել է
Փորձագետները բազմիցս մտահոգություն են հայտնել, որ էներգետիկայի և գյուղատնտեսության կարիքների համար լճի ջրային ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործումը հանգեցրել է դրա մակարդակի իջեցման և խորը մորֆոմետրիկ, հիդրոֆիզիկական, հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական փոփոխությունների: Սա ազդել է ջրի քիմիական բաղադրության վրա և նպաստել է կապտականաչ ջրիմուռների ակտիվ ծաղկմանը վերջին հինգ տարվա ընթացքում:
Այս տարի ևս լիճը ծաղկել է, թեև ավելի քիչ, քան նախորդ տարի։ Ոչ այնքան ինտենսիվ «ծաղկման» հիմնական պատճառը «չափավոր» ամառն է՝ առանց ջերմաստիճանի անոմալ տատանումների, կարծում է Սևան-Հրազդան գետավազանի հիդրոլոգիական կայանի պետ Ավետիք Մարտիրոսյանը: Նա չի բացառում, որ լրացուցիչ ջրառները կհանգեցնեն գործընթացի ակտիվացմանը։
Ջրի մակարդակը, ջրառի ծավալները և, ընդհանուր առմամբ, ջրային հաշվեկշռի մոնիթորինգն իրականացվում է չորս կայաններում: Կայանում տեղադրված ջրի մակարդակը ավտոմատ գրանցող սարքը յուրաքանչյուր 15 րոպեն մեկ տվյալները տրամադրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Մարտիրոսյանը նշեց, որ միայն մեկ օրվա ընթացքում լճից ջրառի ծավալը կազմել է 1,364 մլն խմ, իսկ ընդհանուր առմամբ ջրառի սեզոնի սկզբից (մայիսի 25-ից) մինչ օրս՝ ավելի քան 121 մլն խմ:
Հիդրոկենսաբան Հերբերտ Վարդանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նույնպես բացասական է գնահատում իշխանությունների որոշումը։ Նրա խոսքով՝ այն կարող է Հայաստանի մարգարտի համար անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, և է՛լ ավելի ակտիվ «ծաղկում» է կանխատեսում, քան 2022-ին։ Բուն երևույթը նա կապում է մի շարք գործոնների հետ, որոնց թվում են մակարդակի իջեցումը, ջերմաստիճանի բարձրացումը, ցիանոբակտերիաների աճը, լճի կենդանական աշխարհի նվազումը, ինչպես նաև ափին գործող տնակների, հյուրանոցների, ռեստորանների, ինչպես նաև բնակելի շենքերի կեղտաջրերի արտանետումը:
«Բնակավայրերի տները կա՛մ միացված չեն կոյուղու ցանցերին, կա՛մ այդ ցանցերը վատ վիճակում են։ Դրա պատճառով ֆեկալային-կենցաղային կեղտաջրերն անարգել թափվում են գետերը, որոնք էլ հոսում են լիճ»,-ասաց Վարդանյանը։
Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ լիճ թափվող մեծ ու փոքր գետերի ջրի որակը ակունքների և բնակավայրերի մոտ տարբեր է։ Արդյունքները ցույց են տալիս, որ ակունքներում ջուրը մաքուր է, իսկ ահա բնակավայրերի մոտ դրանցում ավելանում է մանրէների, աղիքային ցուպիկների և մի շարք այլ վնասակար միկրոօրգանիզմների պարունակությունը։
Վարդանյանը որպես լուծում տեսնում է կենսաբանական մաքրման բաղադրիչով հագեցած կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների կառուցումը, հանրային հաստատությունների և բնակելի տների համար կոյուղու ցանցերի կառուցումը։
Իր հերթին ձկնաբան, «Սևան» ազգային պարկի ձկնաբույծ Նորիկ Բադալյանը կոչ արեց չշտապել գնահատականներ տալ: Նրա խոսքով՝ շատ բան կախված է նաև տեղումների քանակից, որոնք դեռ պետք է լինեն։
«Շատ բան կախված է նրանից, թե երբ կիրականացվեն լրացուցիչ ջրառները՝ օգոստոսի՞ն, թե՞ աշնանը»,-Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բադալյանը։
Նա նշեց, որ դրական միտումներ են նկատվում նաև Սևանա լճի կենսոլորտի վիճակում: Քայլեր են ձեռնարկվում որսագողությունը կանխելու և պոպուլյացիան մեծացնելու ուղղությամբ։ Այդ հարցում օգնում է Ազգային պարկի արագ արձագանքման խումբը։
Այսպես, խեցգետնի քանակը 2022 թվականին կազմել է 100 տոննա, այս տարի, ձկնաբանի հավաստմամբ, ավելի շատ կլինի։ Ընդհանուր առմամբ ձկների պոպուլյացիայի ավելացման վրա ազդել է նաև մանրաձկան արհեստական բազմացումը. 2023 թվականի մայիսին Կարճաղբյուր տեղամասում բաց է թողնվել Սևանի իշխանի 130 հազար մանրաձուկ (յուրաքանչյուրի քաշը՝ 10 գ)։
Պաշտոնապես որսը թույլատրվում է լճի 25 հատվածներում։ 2023 թվականին ձկնորսության հայտ է ներկայացրել 800 մարդ, ինչն ավելի բարձր ցուցանիշ է, քամ 2022 թվականին (577) և բազմակի անգամ ավելի է, քան 2020 թվականին (220 մարդ) և 2021 թվականին (308)։
Միևնույն ժամանակ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ լճի ջրի թափանցիկության մակարդակը բավականին ցածր է։ Սեկկիի սկավառակի չափումները ցույց են տվել, որ ջրի տեսանելիության խորությունը 2.3 մետր է (մինչդեռ Բայկալ լճի որոշ հատվածներում այն հասնում է 40 մետրի):
Դրա հետ մեկտեղ, այս պահին լճում թթվածնի խտության մակարդակը բավարար է լճի կենսոլորտի բնականոն կենսագործունեության համար, թեև մեկնարկել է ծաղկման գործընթացը:
Իսկ ի՞նչ են ասում գերատեսչությունները
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (որը վերահսկում է լրացուցիչ ջրառը) կոչ է անում խնդրին համալիր մոտենալ և հապճեպ եզրակացություններ չանել։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան գերատեսչությունը ներկայացրեց ընդունված որոշման հիմնավորումներն ու փաստարկները։
Մասնավորապես, նախարարության տվյալներով, չոր եղանակի պատճառով այս տարի գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման համար անհրաժեշտ 121,4 մլն խմ ջրի պակաս կա։
«Սևանա լճից 70 մլն խմ ծավալով լրացուցիչ ջրառ իրականացնելու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվել է ոռոգման ջրի դեֆիցիտը մասնակի մեղմելու նպատակով»,- ասված է հարցման պատասխանում:
Ստեղծված իրավիճակում գերատեսչությունում առաջնային են համարում ոռոգման ջրի պակասի խնդրի լուծումը։
Դժվար է գերագնահատել Հայաստանի Հանրապետության համար Սևանա լճի նշանակությունը բազմաթիվ ոլորտներում։ Սակայն մինչ իշխանություններն արդարացնում են իրենց գործողությունները, իսկ փորձագետներն ահազանգում են, լճի հարցը տարիներ շարունակ չի լուծվում, իսկ խնդիրների քանակը միայն ավելանում է։
Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա