Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՊՔՈՎ ԿԱՐՈՂ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը մարդկության դեմ ուղղված ծանր հանցանք է կատարել՝ առևանգելով Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը` հավելելով, որ դեպքի առնչությամբ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քրեական գործ հարուցեն, իսկ Միջազգային քրեական դատարանն այս դեպքով ևս կարող է կալանավորման որոշում կայացնել, ինչպես ռուս — ուկրաինական կոնֆլիկտի պարագայում:
«Մարդկության դեմ հանցանքներն ամենածանրն են, դրանք տարբերվում են այլ հանցանքներից այն իմաստով, որ դրանք նույնիսկ վաղեմության ժամկետ չունեն: Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կատարած արարքի համար ադրբեջանցի այդ պաշտոնյաները վաղ, թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու: Վագիֆ Խաչատրյանի դեպքը ծանր հետևանք ու պատիժ ենթադրող արարք է, որովհետև նա եղել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության ներքո: Ավելին՝ Կարմիր Խաչն ուժային կառույց չէ: Այս կառույցը հայտնի է նրանով, որ օրինակ՝ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ բժշկական օգնության անհապաղ կարիք կար, Կարմիր Խաչը ստիպված էր լինում միջամտել և բոլոր կողմերը մշտապես հարգել են Կարմիր Խաչի թե՛ նշանը, թե՛ անձնակազմին: Իսկ այս դեպքում Ադրբեջանը նույնիսկ միջազգային նման կայուն սովորութային նորմերն է խախտել, որն ունենալու է իր իրավական հետևանք, քանի որ Կարմի Խաչի պաշտպանության ներքո գտնվող անձի նկատմամբ նման ոտնձգությունը կրկին ապացուցում է մարդկության դեմ ուղղված հանցանքի մասին»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ Ադրբեջանը խախտել է նաև Ժնևի կոնվենցիան, որի կարգավորումների պաշտպանության ներքո էր գտնվում Վագիֆ Խաչատրյանը:
Արամ Վարդևանյանը շեշտեց, որ Վագիֆ Խաչատրյանին առևանգել են այն վայրից, որը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանդիսանում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք: Սա ըստ փաստաբանի՝ նշանակում է, որ Ռուսաստանն այս դեպքի առնչությամբ պետք է քրեական գործ հարուցի:
«Վերահսկողությունը ենթադրում է որոշակի անմիջական միջոցներ ձեռնարկելու պարտականություն: Հետևաբար, այս մասով գործողություններն անխուսափելի եմ համարում: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի իրավասությունը գործում է այդ տարածքի նկատմամբ, որտեղից առևանգվել է Վագիֆ Խաչատրյանը, առնվազն քրեական գործ պետք է հարուցվի Ռուսաստանի կողմից»,- ասաց Վարդևանյանը:
Ըստ փաստաբանի՝ Հայաստանը ևս պարտավոր է քրեական գործ հարուցել ՝ մարդկության դեմ ուղղված հանցանքի փաստով:
«Կարելի է ասել, որ Հայաստանի իրավասությանը հարող տարածքում է տեղի ունեցել այդ դեպքը: Բացի այդ՝ որքանով ես տեղյակ եմ, այստեղ նաև Հայաստանի քաղաքացիության հարց կա»,- նշեց Արամ Վարդևանյանը:
Փաստաբանը, մեջբերելով Ռուսաստանի օրինակը, ընդգծեց, որ Միջազգային քրեական դատարանն այս դեպքով էլ կարող է կալանավորման որոշում կայացնել:
«Օրինակ՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ընթացքում, երբ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան Հռոմի ստատուտը չէին վավերացրել, Միջազգային քրեական դատարանը, ենթադրյալ արարքների հետ կապված, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ կալանավորման որոշում կայացրեց: Հայաստանն ու Ադրբեջանն էլ չեն վավերացրել Հռոմի ստատուտը, հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ պետք է լինի, որ Միջազգային քրեական դատարանը այս դեպքին որևէ անդրադարձ չկատարի, մինչդեռ Հռոմի ստատուտը հստակ նախատեսում է այնպիսի իրավիճակներ, երբ նույնիսկ այդ կանոնադրությունը չվավերացրած երկրները քրեական հետապնդում են հարուցում: Կարծում եմ՝ Վագիֆ Խաչատրյանի դեպքը պետք է դիտարկել այդ տիրույթում»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 29-ին Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։ Խաչատրյանի ընտանիքի անդամները հայտարարել են, որ որևէ լուր չունեն Վագիֆ Խաչատրյանից: Դստեր՝ Վերա Խաչատրյանի փոխանցմամբ՝ միայն գիտեն, որ հայրը Բավքի հիվանդանոցներից մեկում է:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել իբր «հանցավոր խումբ ստեղծելու և 1991թ. դեկտեմբերի 21-ին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններ իրագործելու համար»: Օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը ժամանակ տալ՝ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: