Մարիա ԶԱԽԱՐՈՎԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ՝ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իհարկե, տրամաբանությունը քիչ հասկանալի է։ Այնպիսի զգացողություն է առաջանում, որ 2022-ը այս ուղղությամբ, Հայաստանի ղեկավարության տեսակետով, եղել է շատ հեշտ ու հանգիստ, այո՞։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՌԴ բանակցային ակտիվությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակում նվազել է, որովհետև ՌԴ-ն չի կարող իր ամբողջ էներգիան ուղղել այս ուղղությամբ, քանի որ զբաղված է Ուկրաինայում։

 

«Եկեք նայենք փաստերին. նման բոլոր խոսակցությունները, որ հատուկ ռազմական գործողության ֆոնին արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղություններ, այս կամ այն, Մոսկվայի համար պակաս առաջնահերթ են դարձել, պարզապես որևէ փաստային հիմք չունեն։ Հավանաբար, սա գնահատողական դատողություն է, անձնական կարծիք, գուցե՝ հույզեր։ Բայց արժե, այնուամենայնիվ, փաստերը լսել։ Մենք ամբողջովին եղել և մնում ենք շահագրգռված հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացի առաջմղման հարցում։ Մենք ամեն բան անում ենք ամուր խաղաղության և համաձայնության հասնելու համար տարածաշրջանում, մենք լիովին կատարում ենք մեր պարտավորությունները Հարավային Կովկասում։ Ակտիվության ինչ նվազման, ինչպես դա մատուցվել է, մասին կարող է խոսք լինել, եթե վերջին մեկ-երկու ամսում տեղի են ունեցել մի ամբողջ շարք շփումներ ՌԴ մասնակցությամբ՝ բարձրագույն և բարձր մակարդակով»,- ասել է Զախարովան՝ թվարկելով մի քանի հանդիպում։

Զախարովայի կարծիքով՝ անհրաժեշտ է նայել ճշմարտության աչքերին. «Ինձ թվում է, պարզապես պետք է նայել ճշմարտության աչքերին, իսկ դա այն է, որ պետք է հետևողականորեն իրականացնել Բաքվի և Երևանի ձեռք բերած պայմանավորվածությունները, ինչին մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել, առաջնահերթությունն այն է, որ կողմերն իրականացնեն այն, ինչի մասին պայմանավորվել են»։

Երկիմաստ դիրքորոշումը և բառերով ձեռնածությունը լավ բանի չեն բերի

Միանգամայն անհասկանալի են դատողությունները Ղարաբաղից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հնարավոր որոշման մասին, հատկապես ներկա ծայրահեղ բարդ հումանիտար վիճակում,- ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Արցախից ՌԴ խաղաղապահների հնարավոր դուրս գալու մասին։

«Դա պարոն Փաշինյանի ցանկությո՞ւնն է, չեմ հասկանում։ Ինչի՞ մասին է նա խոսում։ Նա ուզում է, որ այդպե՞ս լինի»,- հարց է տվել Զախարովան։

Նրա կարծիքով՝ «բոլորին է հայտնի, որ ռուս խաղաղապահները կատարում են կարևոր գործառույթներ՝ թե՛ գերիների փոխանակում, թե՛ ականազերծում, թե՛ միջադեպերի կարգավորում, հումանիտար օգնության ցուցաբերում. «Մի՞թե Հայաստանի ղեկավարության տեսակետից այդ գործունեությունը պետք չէ և ցանկալի չէ, և նրանք ցանկանում են, որ այն չլինի։ Այսինքն՝ պետք է ինչ-որ կերպ կողմնորոշվել։ Ցավոք, մենք հաճախ ենք տեսնում, որ Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչները զբաղեցնում են նման մի ինչ-որ դիրքորոշում, երկիմաստ՝ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ, ուստի շատ կցանկանայինք, որ այս կետում երկիմաստություն չլինի։ Որովհետև բառերով ձեռնածություն անելը լավ բանի չի հանգեցնի»։

Այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները Ղարաբաղն ադրբեջանական են ճանաչել, ՌԴ-ին ուղղված պահանջները տեղին չեն

Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Ղարաբաղն ադրբեջանական է ճանաչել, ինչպես նրանք այդ մասին ասել են, որևէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության հետ կապված, կրկնակի անտեղի են թվում,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ բարձրագույն մակարդակով քանիցս նշվել է ռուս խաղաղապահ զորակազմի ավանդը անվտանգության ապահովման գործում՝ նրա տեղակայման գոտում, շեշտադրվել է նրա գործունեության անհրաժեշտությունը իրադրության կարգավորման համար։

«Ուստի, ամեն բան կասկածի տակ դնելու նման ինչ-որ փորձերը մեծ հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է արվում դա։ Դե, ընդհանուր առմամբ, այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ղարաբաղն ադրբեջանական, ինչպես նրանք այդ մասին ասել են, որևէ պահանջ ՌԴ հասցեին ջանքերի անբավարարության առիթով կրկնակի անտեղի է թվում»,- ասել է Զախարովան։

Բաքվի և Երևանի անկլավների պահանջները պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման շրջանակում

Մեզ հայտնի են Բաքվի և Երևանի դիրքորոշումներն այս հաշվով, հայկական կողմը ևս նման պահանջներ ունի Ադրբեջանից,- ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե որն է ՌԴ դիրքորոշումը Ադրբեջանի՝ Արարատի և Տավուշի մարզերում յոթ անկլավները վերադարձնելու պահանջի հետ կապված։

«Մենք ելնում ենք այն բանից, որ տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում, իսկ այն համակարգվում է համապատասխան երկկողմ հանձնաժողովի կողմից։ Մենք ողջունում ենք այն փաստը, որ հուլիսի 12-ին, երկարատև ընդմիջումից հետո, տեղի ունեցավ չորրորդ նիստը, Ռուսաստանը պատրաստ է կողմերին խորհրդատվական, փորձագիտական և փաստաթղթային աջակցություն ցուցաբերել բոլոր, անգամ ամենաբարդ հարցերի լուծման հարցում»,- նշել է Զախարովան։

Ադրբեջանի կողմից երկու արցախահայի բռնելը բարդացնում է իրավիճակը

Նախ՝ տեղի ունեցածն, անկասկած, դժվարացնում է առանց այդ էլ բարդ, բայց անհրաժեշտ հանգուցալուծումների, փոխզիջումների և լուծումների որոնումը։ Դա, իհարկե, բարդացնում է իրավիճակը,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է արվում վերջին օրերին Ադրբեջանի կողմից կալանավորված արցախահայերին վերադարձնելու համար։

«Երկրորդ, մենք տեսել ենք հայկական և ադբեջանական կողմերի տրամագծորեն հակադիր գնահատականները։ Երրորդ, ոչ այս կոնկրետ միջադեպի առիթով, մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից, ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման, այնպես էլ Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունից»,- ընդգծել է Զախարովան։

Ղարաբաղ հումանիտար բեռներ ուղարկելը համաձայնեցված չէր

Չնայած Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքումը համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմը ակտիվորեն միացել է լուծման որոնումներին և մշտական կապեր հաստատել երկու կողմերի հետ,- ասել է Զախարովան։

«Այս համատեքստում համարում ենք, որ ցանկացած մեղադրանք ռուս խաղաղապահների հասցեին հակաարդյունավետ է և չի արտացոլում նրանց իրական ավանդը երկրի վրա իրավիճակի կայունացման ջանքերում։ Ուստի, շփումներ են հաստատվել, և, ես կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- նշել է Զախարովան։

ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին

Մենք աջակցում ենք Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների մեկնարկին,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ պատասխանելով ստեղծված իրավիճակում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների Եվլախում հանդիպման հնարավորության մասին հարցին։

«Այս թեման շահագրգիռ կողմերի հետ մեր շփումների օրակարգում է։ Ռուս խաղաղապահները նախկինում օգնել են երկու պատվիրակությունների հանդիպումների կազմակերպմանը, և պատրաստ են շարունակել անհրաժեշտ օգնություն ցուցաբերել դրան»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը նախապայմաններ չի առաջադրում, ջանք ու եռանդով աշխատում է կողմերի մոտեցումները մերձեցնելու ուղղությամբ, որոնք, նրա կարծիքով, ներկայումս լրջորեն տարբերվում են Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի ֆոնին։

Հարց տվող հայ լրագրողին Զախարովան նկատողություն է արել՝ նշելով, որ առանց օբյեկտիվության լրագրություն չկա. «Դա անելու համար դուք պետք է հասկանաք, որ կարգախոսների մակարդակով կտրատված արտահայտությունները գործին չեն օգնի, այլ միայն լրացուցիչ կգրգռեն, ուստի ես խստորեն կոչ եմ անում ձեզ հնարավորինս օբյեկտիվ լինել հարց տալու ժամանակ: Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակներում տարբեր կողմերում հայտնված լրագրողները, ցավոք, կանգնած են օբյեկտիվ լինելու կամ որոշակի դիրքորոշման երկընտրանքի առաջ։ Առանց այս մասի իմ պատասխանը թերի կլիներ»,- հավելեց նա:

Մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման անհրաժեշտությունը

Մենք աշխատում ենք կողմերի հետ, և չնայած նրան, որ Դուք (դիմելով լրագրողին.- խմբ.) ասացիք, որ հանրային կոչերը չեն գործում, այնուամենայնիվ մենք վերահաստատում ենք Լաչինի միջանցքը շտապ ապաշրջափակելու և տեղի բնակիչների կյանքի համար նորմալ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ է արվում Լաչինի միջանցքը ապաշրջափակելու, ապրանքների և ապրանքների մատակարարումն ապահովելու և հումանիտար աղետներից խուսափելու համար՝ հաշվի առնելով, որ Բաքուն անտեսում է հրապարակային կոչերը, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից։

«Իհարկե, շատ բան կախված է նաև քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Եվ այս դեպքում լարվածությունը կարելի է հանել, և դրա համար մենք աշխատում ենք կողմերի հետ»,- ասաց նա։

News.am-ի նյութերով