«Կոնֆետ ալ չկա». Արցախի համար քաղցրավենիքով բեռնված բեռնատարներն ուղևորվել են Կոռնիձոր

«Գրանդ Քենդիի» 2 բեռնատարները, որոնք բեռնված են Արցախի համար նախատեսված քաղցրավենիքով, այսօր առավոտյան ուղևորվել են Կոռնիձոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին ընկերության մարկետինգի բաժնում։

«Թե ինչ կլինի բեռնատարների ճակատագիրը, չգիտենք։ Հույս ունենք, որ հասնելու են արցախցի փոքրիկներին, որովհետև մեր միակ նպատակը դա է»,– ասաց աշխատակիցը։

Ընկերությունն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութերից մեկին, որում փոքրիկ արցախցի Մարիան դժգոհում է, որ դատարկված խանութներում անգամ մեկ կոնֆետ չկա։

«Հա, մամ, ես քեզ հասկանում եմ, մենք ուզում ենք կոնֆետ, գոնե մի հատ «Գրանդ Քենդի» կոնֆետ ալ չկա»,–ասում է Մարիան և առաջարկում մայրիկին շրջել խանութներով` կոնֆետ կամ պաղպաղակ գտնելու հույսով։ Սակայն դատարկաձեռն է մնում. Ստեփանակերտի խանութները լրիվ դատարկ են։