Միրզոյանը և Բորելը քննարկել են ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամը
Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամն են հեռախոսազրույցում քննարկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների, և ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը:
Ընդգծվել է ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիարժեք և անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։ ԱԳ նախարարը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է որակել ԼՂ-ից բժշկական նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների կողմից առևանգման դեպքը:
Նշենք, որ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առևանգել են հուլիսի 29-ին։ Նույն օրը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման կարևորության հարցում հայկական կողմի դիրքորոշումը:
Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները։
Sputnik Արմենիա