«Հրապարակ»․ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՀ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿՎԻ, ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԳՏԵԼ ԵՆ

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կարծես թե ռեստարտի անհրաժեշտություն է առաջացել, և կողմերը, դա գիտակցելով, որոշել են ինչ-ինչ քայլերի գնալ: Դրանցից առաջինը դեսպանների փոփոխությունն է: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Ընդ որում` Ռուսաստանում ՀՀ դեսպանից այնքան մեծ դժգոհություն ունի ռուսական կողմը, որ դա առաջնահերթ է լուծվելու: Վաղարշակ Հարությունյանին փոխելու հարցը վաղուց էր քննարկվում, սակայն դեսպանի թեկնածուներ գտնելու խնդիր կար: Թեկնածու, որը կվայելի Նիկոլ Փաշինյանի վստահությունը և ընդունելի կլինի ռուսական իշխանությունների համար»,– նշում է պարբերականը:

Ըստ թերթի տեղեկությունների` մի շարք թեկնածություններ են քննարկվել, և հայկական կողմը կարծես թե կանգնել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի վրա:

«Հրապարակը» գրում է նաև, որ Ռուսաստանի դեսպանն էլ կփոխվի, թեկնածուն ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյա է, ինչը ևս խոսում է այն մասին, որ Ռուսաստանում հասկանում են Հայաստանի և նրա հետ համագործակցության կարևորությունը:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել 2022 թվականի հունվարի 5-ին։

Sputnik Արմենիա