Անահիտ Ավանեսյան․ Արցախում վիճակը կրիտիկական է

Արցախում գտնվող հիվանդների համար, որոնք ունեն նեղ մասնագիտական բուժօգնության կարիք, իրավիճակը կրիտիկական է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ժամանակի ընթացքում ինչքան այս շրջափակման օրերը երկարում են, այնքան ավելի դժվար է տարբերակել տեղափոխման խիստ կարիք ունեցողներին առողջական արդեն լուրջ խնդիրներ ունեցողներից, որոնք ունեն դեղորայքի, բժշկական միջամտության կարիք»,–ասաց Ավանեսյանը։

Նախարարը հայտնեց, որ կապի մեջ է գտնվում արցախցի գործընկերների հետ և տեղեկացված է, որ կան հիվանդներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում։

«Բարդ է տարբերակել թիվը։ Եթե մենք ունենք հեմոդիալիզի կարիք ունեցող պացիենտներ, որոնք որ պետք է շաբաթական 2-3 անգամ ստանան տվյալ ծառայությունը, չկա տրանսպորտ, դեղորայքի և բժշկական նշանակության պարագաների սուր կարիք կա, նշանակում է` եթե նրանք չստանան այդ ծառայությունը, նրանց կյանքին կարող վտանգ սպառնալ»,–ասաց նա։

Ավանեսյանը նաև նշեց, որ ԼՂ–ում այժմ լուրջ խնդիր է երեխաների կաթնախառնուրդների պակասը և ուղարկված հումանիտար բեռի մեծ մասը կազմում են դրանք։ Սակայն այս պահին Ստեփանակերտի իրենց գործընկերները մայրիկներին հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, որպեսզի կրծքով կերակրումը հնարավորինս լուծի այս խնդիրը և կաթնախառնուրդների կարիքը քիչ լինի։

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար տեղեկացնում են նաև միջազգային գործընկերներին։

«Բոլոր խողովակներով առկա փաստական տվյալները փոխանցում ենք` նաև միջազգային կառույցների առջև պահանջներ դնելով իրենց մանդատի շրջանակներում իրավիճակին օր առաջ լուծում տալու։Այս դեպքում Կարմիր խաչը ունի մանդատ նմանիրավիճակներում պացիենտների տեղափոխման, հումանիտար բեռների տեղափոխման, բայց նրա աշխատանքները ևս պարալիզացված են»,–ասաց նախարարը։

Sputnik Արմենիա