ԱԳՆ ներկայացուցիչ․ Սա Բաքվի ծրագրված քաղաքականությունն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լաչինի միջանցքը շարունակում է ամբողջովին փակ մնալ, և ցանկացած տեսակի հումանիտար բետռների տեղափոխումն արգելված է Ադրբեջանի կողմից: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Սյունիքում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ժամանակ նշեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:

 


«Սա միջազգային հումանիտար իրավունքի և արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից: ԼՂ-ի շրջափակումը, որ շարունակվում է ավելի քան 7 ամիս, հանգեցրել է շատ լրջագույնս հումանիտար ճգնաժամի: Գրեթե ամեն օր ստանում ենք ետղեկություններ բնակչության ամենախոցելի խավերի վրա ճգնաժամի ազդեցության մասին: Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել երեխաների, հղի կանանց, բուժօգնության անհրաժեշտություն ունեցող անձանց, տարեցների համար: Մենք ականատես ենք եղել վաղ ծննդաբերության, թերսնման, թերքաշ երեխաների ծնվելու մասին տեղեկությունների: Քանի որ արդեն բավականին երկար ժամանակ Արցախ մուտք չի գործում ոչ միայն սնունդ, դեղորայք, այլև վառելիք, երկրի տրանսպորտային, առողջապահական համակարգերը լիովին պարալիզացվել են:

Հանրային տրանսպորտի բացակայության պայմաններում դժվարացել է հաղորդակցությունը հեռավոր գյուղերի և Ստեփանակերտի միջև, որի հետևանքով հեռավոր գյուղերի բնակչությունը հնարավորություն չունի ստանալ առաջնային բուժօգնություն: Գյուղատնտեսական սեզոնի սկզբից ի վեր Ադրբեջանը կանխամտածված թիրախավորում է դաշտերում ապրող քաղաքացիական անձանց, որի հետևանքով գյուղատնտեսական աշխատանքների 70 տոկոսը չի ավարտվել և ներկայումս արդեն կարելի է խոսել այն մասին, որ գյուղատնտեսական սեզոնը ԼՂ-ում տապալված է»,-հայտարարեց Դավիթ Կնյազյանը:

Նրա խոսքով, այս ամենը Ադրբեջանի կողմից ծրագրված քաղաքականություն է, որի հիմքում ընկած է սովի օգտագործումը որպես զենք. «Ստեղծված ճգնաժամի լույսի ներքո Հայաստանը որոշել է ուղարկել հումանիտար բեռներ դեպի Արցախ: Հուլիսի 26-ից վեր հումանիտար բեռները Կոռնիձորի հատվածում են և դեռևս հնարավորություն չի եղել դրանք փոխանցելու Արցախի բնակչությանը: Հայկական կողմը պատշաճ կերպով տեղեկացրել էր ռուսական խաղաղապահի ուժերին և նրանց միջոցով ադրբեջանական կողմին հումանիտար բեռների առաքման մասին: Մենք կառուցողական ներգրավված ենք քննարկումներում ՌԴ խաղաղապահի ուժերի հետ՝ միակ նպատակ ունենալով հումանիտար բեռների արագ և անվտանգ տեղափոխումը: Ցավոք սրտի, ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները ցույց են տալիս, որ նա քաղաքականացնում է հումանիտար բեռների առաքման հարցը և արգելել է դրա տեղափոխումը ԼՂ: Այդ լույսի ներքո մենք կարևորում ենք միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ հասցեական և ժամանակին արձագանքի միջոցով, որով կոչ կարվի ապահովելու իր իրավական ուժ ունեցող պարտավորությունների կատարումը, Ժնևի կոնվենցիաների և դրանց լրացուցիչ արձանագրությունների, և արդարադատության միջազգային դատարանի որոշումների համաձայն»,-ասաց նա:

Դավիթ Կնյազյանը դիմեց ՄԱԿ-ի ներկայացուցիչներին՝ նկատելով, որ նրանք իրենց աչքով տեսան, որ Լաչինի միջանցքը փակ է. «Հուսով եմ՝ այս տեղեկատվությունը, որը ստացաք տեղում, կփոխանցեք ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ ապահովելու համար ՄԱԿ-ի քարտուղարության կողմից իրավիճակի ճիշտ ըմբռնումը և համապատասխան արձագանքը»:

Իր հերթին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց. «Վստահ եմ, որ ձեր այսօրվա դիտարկումները ավելի օբյեկտիվ պատկերացում կտան ձեզ առկա իրավիճակը ճիշտ ներկայացնելու համար: Այն հումանիտար ճգնաժամը, որը միտում ունի անդառնալի աղետի յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դժվար է իրականում ևս մեկ անգամ ներկայացնել, որովհետև ամեն անգամ մտովի պատկերացնում ես քեզ, քո ընտանիքին այդ ճգնաժամի մեջ գտնվելու իրավիճակում;

Դժվար թե ինչ-որ մեկը պատկերացներ, որ մենք 21-րդ դարում մենք ականատես կլինենք միխոսույթի, որն Ադրբեջանն է առաջ քաշել. Դա «ինտեգրումն է» սովամահության ճանապարհով:

Ես վստահ եմ, որ ինչպես մնացած անլուծելի թվացող բոլոր խնդիրները, սա ևս լուծելի է, եթե մենք ունենանք լուծման միասնական ճանապարհ»:

News.am