ՌԴ ԱԳՆ․ Բաքուն և Երևանը պատրաստ չեն ցանկացած պայմանով խաղաղության պայմանագրին

Ադրբեջանը և Հայաստանը պատրաստ չեն ցանկացած պայմանով խաղաղության պայմանագիր կնքել, դեռ պետք է լուծել որոշ բարդ հարցեր։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Բաքվից և Երևանից ստացվող ազդանշանները շտապ խաղաղության հասնելու մասին չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի։ Դեռ պետք է գտնել հանգուցալուծումներ մի շարք բարդ թեմաների համար»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ խնդիրներ են խոչընդոտում խաղաղության հաստատմանն այդ երկրների միջև։

Ինչպես նշել է դիվանագետը, դրանցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման և բոլորի կողմից ընդունված իրավունքների պաշտպանության խնդիրներն են Ադրբեջանի իրավական դաշտի շրջանակում։ «Այս տրամաբանությունը կողմերն ընդունել են 1991թ. Ալմաթիի հռչակագրի փոխադարձ հաստատումից հետո։ Պահանջված է նաև պայմանագրի կատարման միջազգային աջակցության մեխանիզմը, որը հարցականի տակ չէր դնի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը»,- ավելացրել է Գոնչարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվ աջակցություն է ցուցաբերում կողմերին խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում։ «Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի պատրաստումը Ռուսաստանի նախագահ [Վլադիմիր Պուտինի], Ադրբեջանի նախագահ [Իլհամ Ալիևի] և Հայաստանի վարչապետ [Նիկոլ Փաշինյանի] եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկն է։ Ռուսական կողմը եռանդուն աջակցում է Բաքվին և Երևանին այդ փաստաթղթի պատրաստման գործում՝ օգտագործելով բոլոր մակարդակների քաղաքական-դիվանագիտական խողովակները. ամեն տարի տեղի են ունենում եռակողմ գագաթաժողովներ, մշտապես հանդիպում են արտաքին գործերի նախարարները»,- նշել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրենը։

News.am