ՀԿԵ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը՝ Երկաթուղայինի օրը, որը նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում այս առիթով տեղի են ունեցել տոնական միջոցառումներ:
Երեվանում, Գյումրիում, Վանաձորում եվ Սեվանում աչքի ընկած աշխատակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով և նվերներով ՀԿԵ և «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունների ղեկավարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀԿԵ արհմիության կողմից:
ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ներկայացրեց ընկերության գործունեության ընթացիկ փուլը և շնորհավորեց գործընկերներին տոնի կապակցությամբ: «Չնայած առկա դժվարություններին, Հայաստանի երկաթուղային ոլորտի զարգացման հեռանկարները բավականին դրական են։ Երկրի տնտեսությունը զարգանում է լավ տեմպերով, և երկաթուղայինները զգալի ներդրում ունեն այդ զարգացման մեջ՝ անխափան ապահովելով ՀՀ-ը անհրաժեշտ ապրանքներով։ Զարգանում է նաև մեր ուղևորներին և հյուրերին մատուցվող ծառայությունների շրջանակը, ինչը երկաթուղային փոխադրումներն ավելի գրավիչ և հանրաճանաչ է դարձնում», - իր շնորհավորական խոսքում նշել է Ա.Մելնիկովը:
Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ՀԿԵ մամլո քարտուղար Ռուբեն Գրդզելյանի «Հայկական երկաթուղիների պատմություն» գրքի շնորհանդեսը՝ նվիրված ՀԿԵ ընկերության հիմնադրման 15 ամյակին:
Ավանդույթի համաձայն, Երկաթուղայինի օրը, այսինքն՝ ս. թ. օգոստոսի 6-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ՀՀ քաղաքացիներին և հյուրերին նվեր կմատուցի մերձքաղաքային հաղորդակցության ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն: Առանց տոմսեր ձեռք բերելու հնարավոր է ուղևորություն կատարել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արմավիր-Արաքս-Երևան, Երևան-Սևան-Շորժա-Երևան և Երևան-Գյումրի-Երևան երթուղիներով (բացառությամբ էքսպրեսների):
Ընկերությունն օրերս գործարկել է նաև մերձքաղաքային էլեկտրագնացքների տոմսերի առցանց գնման հավելվածը, որը միջազգային հաղորդակցության տոմսերի առցանց վաճառքի գործող համակարգի հետ մեկտեղ կլրացնի ՀԿԵ-ի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շրջանակը: