ՀԱՌԱ՜Ջ, ՓԱՇԻՆՅԱՆ։ ԳԼԽԱՎՈՐԻ՛Ր ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ
120 հազար մարդ շրջափակման մեջ է արդեն ավելի քան կես տարի։ Զուրկ գազից, էլեկտրականությունից, վառելիքից, դեղորայքից, մանկական սննդից, սննդամթերքից և հիգիենայի միջոցներից.... Եվ ի՞նչ։
Բազմաթիվ կոչեր Բաքվին, որոնք ոչ մի արդյունքի չեն հանգեցնում։ Այո, հասկանալի է, պատերազմ է ընթանում Ուկրաինայում... Բայց նույնիսկ հաշվի առնելով պատերազմը՝ 120 հազար մարդու ոչնչացման կամ պատմական հայրենիքից նրանց վտարման միջազգային հանրության տված քարտ-բլանշը եզակի իրավիճակ է։
Իլհամ Ալիեվը ցուցադրում է միջազգային կառույցների ամեն տեսակի բանաձևերի, հայտարարությունների, որոշումների բացահայտ անտեսում և հող է նախապատրաստում տարածաշրջանից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման համար: Ընդ որում Euronews-ին տված հարցազրույցում ցինիկաբար խոսում է այն մասին, թե՝ երբ կառուցվում էր Լաչինի միջանցքի նոր երթուղին, ադրբեջանցի շինարարները շատ նորմալ շփվում էին մոտակա հայկական գյուղերի բնակիչների հետ։ Եվ եթե շինարարական աշխատանքների սկզբում ընթացքը վերահսկում էին խաղաղապահները, ապա շուտով արդեն յոլա էինք գնում առանց նրանց, քանի որ ոչ մի անհրաժեշտություն չկար։ Իբր՝ առանց խաղաղապահների էլ մենք հաշտ ու խաղաղ կապրենք...
Սա ասում է այն մարդը, որն իր իսկ պարտավորությունների խախտումով փակել է Լաչինի միջանցքը և որի հրամանով Կարմիր խաչի մեքենաներից առևանգում են մարդկանց։ Պարզ է, թե ինչ է լինելու Արցախի հետ խաղաղապահների դուրսբերումից հետո։
Իսկ Երևա՞նը։ Երևանը մի կողմից ասում է, թե կողմ է խաղաղապահների մանդատի երկարաձգմանը։ Մյուս կողմից՝ ՌԽԶ-ի հասցեին քննադատությունը գնալով ավելանում է: Ահավասիկ կառավարության երեկվա նիստում էլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարում է, թե Լաչինի միջանցքը բաց է, ապա այժմ թող ՌԽԶ-ն անի իր գործը. խաղաղապահները պետք է պատասխան տան, թե ինչու չեն ապահովում մարդասիրական շարասյան բեռնափոխադրումը, Հայաստանի համապատասխան կառույցները պետք է զբաղվեն այդ հարցով…
Փաշինյանին խորհուրդ կտայինք ավելի կարճ ճանապարհ։ Քանի որ վարորդական իրավունք Փաշինյանն ունի, թող ինքը նստի հումանիտար շարասյան առաջնորդող մեքենայի ղեկին։ Մոտենա ադրբեջանական անցակետին և անձամբ համոզվի՝ թույլ են տալիս անցնել, թե ոչ։ Կարծում ենք, Կարմիր խաչն էլ չի հրաժարվի ուղեկցել, իսկ եթե հրաժարվի, ապա դա էլ խնդիր չէ։ Ով-ով, իսկ լրագրողները, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանյան ԶԼՄ-ներից, հաստատ կուղեկցեն անձամբ ՀՀ վարչապետի գլխավորած շարասյանը։ Դա կլինի այն աստիճան տպավորիչ ակցիա, այնքպիսի ցնցող շոու՝ «Քաղաքացիական պայմանագրի» ոգով, հատկապես ուղիղ եթերում, որ հնարավոր է նույնիսկ ռազմական գործողություններն Ուկրաինայում այդ պահին դադարեն, և հնարավորություն ստեղծվի փրկել աշխարհը սպառնացող նոր ահագնացումից…
Իսկ Փաշինյանի համար դա շահեկան քայլ կլինի, քանզի բոլորն էլ հասկանում են, որ ում-ում, իսկ Փաշինյանի վրա ադրբեջանցի սահմանապահները չեն կրակի և չեն էլ առևանգի։ Այնտեղ այնքան էլ հիմար չեն։ Ոչ ոք չի մորթի ոսկե ձվեր ածող հավին:
Այնպես որ ամեն դեպքում Փաշինյանը կշահի։ Եթե ադրբեջանցիները թույլ չտան անցնել Փաշինյանի գլխավորած հումանիտար շարասյանը, դա լիովին կհերքի Ալիևի հայտարարությունները, իսկ արգելափակված միջանցքի մասին կադրերը կտարածվեն աշխարհով մեկ։
Դե, իսկ եթե ադրբեջանցիները թույլ տան շարասյանը շարունակել ճամփան... Բոլորը կտեսնեն, թե ինչ հերոսական վարչապետ ունենք։ Նույնիսկ վտանգելով ինքզինքը՝ գործնականում ապացուցեց իր կնոջ իրավացիությունը, որը վերջերս հավաստիացնում էր, որ վարչապետն ամեն վայրկյան մտածում է արցախցիների մասին։ Այլ ոչ թե կանգառներում ծխելու վնասի, ինչպես կարելի էր մտածել կառավարության երեկվա նիստը լսելիս։
Ի դեպ, նախկինում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Նելա Գրիգորյանի վկայությամբ, Աննա Հակոբյանն ասում էր, որ իրենք «սովոր են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները», ուստի Փաշինյանը չի պատրաստվում, իբր, որևէ մեկին խնդրել միջնորդել՝ դադարեցնելու պատերազմը։ Եվ ահա Փաշինյանը հնարավորություն ունի մեկ հարվածով ապացուցել Աննա Հակոբյանի երկու կանխադրույթները. և՛ այն, որ ինքն ամեն վայրկյան մտածում է արցախցիների մասին, և՛ որ ինքնուրույն է լուծում առաջացած խնդիրները։
Իսկ մենք պարզապես վստահ ենք, որ լոկ իր հայտնվելով Փաշինյանն այնպիսի սարսափ կազդի Բաքվի վրա, որ ադրբեջանցիներն անմիջապես կապաշրջափակեն Լաչինի միջանցքն ու կճողոպրեն։ Հնարավոր է, որ բավական լինի նույնիսկ Փաշինյանի լոկ ահեղ հայտարարությունն իր մտադրությունների մասին։ Եվ այդժամ բոլորը կհասկանան, թե իրականում ով պետք է գլխավորի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որպեսզի ողջ մոլորակում հաղթի խաղաղության օրակարգը։
Դե, իսկ խնդրի լուծման այս բաղադրատոմսը, համենայնդեպս՝ մեր կարծիքով, ավելի արդյունավետ է, քան պաշտոնական Երևանի ներկայիս մարտավարությունը, ուղղված Արցախում հակառուսական տրամադրությունների բորբոքմանը՝ այն խոսակցություններով, թե 44-օրյա պատերազմից հետո մարդիկ վերադարձել են Արցախ՝ անվտանգ կյանքի վերաբերյալ խաղաղապահների տված երաշխիքով, բայց հիմա համոզվում են, որ այդ երաշխիքները չեն գործում…