«ՀայաՔվեի» համակարգողը նշեց հաջորդ քայլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«ՀայաՔվե» նախաձեռնությանը միացել է ավելի քան 58 հազար քաղաքացի։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը և ներկայացրեց իրենց հետագա անելիքները։
«Սա կարևորագույն վստահության մանդատ է` հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված օրենքի նախագծին Ազգային ժողովում։ «ՀայաՔվեն» ստորագրահավաքով չի ավարտվելու, այն թևակոխում է շատ ավելի վճռական, ինչ–որ իմաստով նաև ավելի լարված փուլ »,–ասաց նա։
Չալաբյանը նշեց, որ այժմ երկու շաբաթ դադար են վերցնելու ստացված արդյունքներն ամփոփելու, թվայնացնելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելու համար։
«2 շաբաթ անց մենք կվերսկսենք քարոզարշավը և շատ կարևոր է, որ հաջորդ փուլում մենք կարողանանք այն հարցերի պատասխանը տալ, թե ինչ Հայաստան ենք մենք պատկերացնում, ինչպես ենք իրացնելու մեր մանդատը, ինչպես ենք դիմագրավելու թշնամու ճնշմանը»,–ասաց նա։
Չալաբյանի խոսքով` այդ հարցերի պատասխանը տալը լրացուցիչ վստահություն կհաղորդի իրենց աջակիցներին, որ դա պարզապես ստորագրություն չէ։
«Մենք գիտենք` ինչպես ենք Արցախը պահելու, ինչպես ենք թշնամուն դիմակայելու, և դա մեր հաջորդ փուլի խնդիրն է»,–ասաց նա։
Չալաբյանի խոսքով` շատ կարևոր փուլ է նաև ԱԺ–ում օրենքի նախագծի ընդունումը։ Այդ ուղղոևթյամբ պետք է աշխատեն ԱԺ երեք խմբակցությունների հետ։
«Ընդդիմադիրների հետ այդ աշխատանքն արդեն սկսված է։ Կարևորագույն խնդիր է լինելու նաև իշխող խմբակցության հետ աշխատանքը»,–ասաց նա` ընդգծելով, որ իշխող ուժն էլ հասկանում է , որ հայտնվել է իր իսկ վարած քաղաքականության ծուղակում և միգուցե իրենք կարողանան նրանց օգնել դուրս գալ այդ ծուղակից։
Չալաբյանի խոսքով` իրենք մոբիլիզացնելու են լավագույն դիվանագետների, քաղաքագետների, իրավաբանների ուժերը։
Չալաբյանը կոչ արեց նախկին դիվանագետներին, սահմանադրագետներին միանալ իրենց։
Sputnik Արմենիա