Բացահայտ սպառնալիք հարևանին. ՀՀ ԱԳՆ-ն` Ադրբեջանի հեռուստատեսությամբ ցուցադրված ֆիլմի մասին
Ադրբեջանի պետական հեռուստաալիքը ցուցադրել է 35 րոպեանոց «ֆիլմ», որում Հայաստանի Հանրապետության ողջ ինքնիշխան տարածքը ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք։ Կադրերում երևում է, թե ինչպես է Հայաստանը «անհետանում» քարտեզից։ Սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ քարոզչություն և բացահայտ սպառնալիք հարևան ինքնիշխան պետությանը։ Այս մասին «Twitter»-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հայաստանի մարզերը, մայրաքաղաք Երևանը և Սևանա լիճը ցուցադրվում են առանց տեղանունների: Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը հորինված պատմությունների միջոցով իր հասարակությանը հակահայկական տրամադրություններ է ներարկում։ Սա բոլորի կողմից պետք է կտրականապես մերժվի և դատապարտվի»,- գրել է Բադալյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել էր Ադրբեջանի հեռուստատեսությամբ «Եղանակի կանխատեսումը», որտեղ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ Երևանը, ներկայացվում էր որպես ադրբեջանական տարածք։
Sputnik Արմենիա