ՓԱՇԻՆՅԱՆԸ ԶԻՆԱԹԱՓՎՈՒՄ Է. ԱԼԻԵՎԻՆ ՊԵՏՔ ԷՐ «ՊԱՏՐՈՆ ԴԱՎՈՅԻ» ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ
Սպառազինության մատակարարման ոլորտի ձեռներեց Դավիթ Գալստյանի գործը տարիների ընթացքում ստացավ քաղաքական դրդապատճառներով հալածանքի բնույթ: Հայտնի է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նրա մատակարարած Օսա-ԱԿ հրթիռային համակարգերով խոցվել է թշնամու 88 ԱՕԹՍ: Համակարգի 1 հրթիռի արժեքը մոտ 5 հազար դոլար է, իսկ խոցված ԱՕԹՍ-ների արժեքը՝ 150-200 հազար դոլար։ Գալստյանը («Պատրոն Դավո») բռնաճնշումների է ենթարկվում ՀՀ նախկին ղեկավարների հետ սերտ կապերի համար։ Երկրորդ պատճառն այն է, որ նա մարմնացյալ հերքումն է փաշինյանական այն թեզի, թե Հայաստանին զենք չեն վաճառում, իսկ երրորդ՝ գլխավոր պատճառը կապված է նրա հետ, որ Փաշինյանը զինաթափվում է «խաղաղության դարաշրջանի» մոտենալուն զուգընթաց, իսկ առավել համոզչության համար Ալիևին է ներկայացվում որոշակի շրջաններում լայնորեն հայտնի «Պատրոն Դավոյի» կալանավորումը…
Գործարարն անցնում է միանգամից մի քանի գործով, ներառյալ նրանք, որոնցով մեղադրանքներ են առաջադրվել գեներալներ Սեյրան Օհանյանին և Գրիգորի Խաչատուրովին: Գալստյանին 2 ամսով կալանավորեցին 2023 թվականի հունվարի 31-ին՝ խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ Կալանքը Օհանյանին վերաբերող գործի շրջանակներում էր։ Գալստյանը որպես մեղադրյալ է անցնում նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մի խումբ անձանց գործով։ Այդ գործի շրջանակներում Գալստյանին կալանավորել են 2021 թվականի սեպտեմբերին, իսկ 6 ամիս անց՝ 2022 թվականի մարտին ազատ արձակել։ Ընդ որում քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր էին շրջում, որ կալանքից ազատելու պատճառը սպառազինության գնման գործարքին «Պատրոն Դավոյի» մասնակցությունն էր։ Այդ լուրերը ԶԼՄ-ների էջերում հայտնվեցին այն ժամանակ, երբ իշխող ռեժիմը մեծ դժվարությունների բախվեց զենք գնելու հարցում…
Իրազեկ աղբյուրների տեղեկություններով՝ Գալստյանին հաջողվել է շահել սպառազինության մատակարարման ՊՆ տենդերները և մասամբ շտկել իրավիճակը, օգտագործելով ՀՀ սահմաններից դուրս ունեցած իր կապերը։ Դժվար է դատել նրա աշխատանքի արդյունքների մասին, քանի որ այդ շրջանում ռեժիմի պարագլուխը սկսեց հանդես գալ պացիֆիստական հայտարարություններով, խոսել «խաղաղության դարաշրջանի» մոտենալու մասին, այդ իսկ պատճառով Գալստյանը, որին Ալիևը հայտարարել էր թշնամի, կրկին հայտնվեց բանտում։
Հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը ազատ արձակեց Գալստյանին 40 մլն դրամ գրավի դիմաց՝ չբավարարելով կալանքը 1 ամսով երկարաձգելու դատախազության միջնորդությունը: Ներկայումս խոսքն այն մասին է, որ դատարանը խախտում է թույլ տվել՝ ազատ արձակելով Գալստյանին գրավի դիմաց: Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ ԱԱԾ աշխատակիցը, հավանաբար դատախազության պատվերով, կեղծ տեղեկանք է կազմել այն մասին, թե Գալստյանը, գտնվելով ազատության մեջ, հունիսի 28-ից հետո միջոցներ է ձեռնարկել իրեն ներկայացված մեղադրանքների օգտին ցուցմունք տված քաղաքացիների վրա ազդեցություն գործելու համար: Այլ կերպ ասած, Գալստյանի կալանավորումը կրկին սարքեցին։ Օգոստոսի 1-2-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հերքեց այն լուրերը, թե Գալստյանն իր խորհրդականն է եղել, բայց հաստատեց, որ «սպառազինության մատակարարումներ է իրականացրել այն ժամանակ, երբ դրա համար բոլոր ճանապարհներն արգելափակված էին»…
Հիշեցնեմ, որ այս տարի շահագործման է հանձնվել ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանի դիպուկահարային համալիրը, որը բոլոր չափանիշներով համապատասխանում է ռազմագիտության արդի պահանջներին, ընդ որում Գալստյանը ղեկավարել է շինարարական աշխատանքները՝ գտնվելով կալանքի տակ: 4 մասից բաղկացած հսկայական, տարածաշրջանում նմանը չունեցող համալիրը գործարարի նվերն է ՊՆ-ին։ Շինարարությունը սկսելու առաջարկով Գալստյանը դիմել է ՊՆ-ին 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, արդյունքում Հայաստանը ստացել է իր տեսակի մեջ եզակի համալիր դիպուկահարների և մոտոհրաձգային ստորաբաժանումների վարժանքների և մրցումների համար: Մեր տեղեկություններով, շինարարության վրա ծախսվել է ավելի քան 300 մլն դրամ, ավելի ուշ համալիրը նվիրաբերվել է ՊՆ-ին։
Գործարարին ներկայացված մեղադրանքներում բազմաթիվ անհամապատասխանություններ կան, մենք պարբերաբար տեղեկացրել ենք մեր ընթերցողներին հետաքննության ընթացքի մասին։ Անհնար է չնկատել, որ անսարք սպառազինություն գնելու գործով Գալստյանին առաջադրված մեղադրանքների համատեքստում, որով անցնում են պաշտպանության նախկին նախարար Տոնոյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքական բաղադրիչը հստակ ուրվագծվել է 2 անձի նկատմամբ։ Տոնոյանին Փաշինյանը ստիպեց հրապարակավ իր վրա վերցնել 44-օրյա պատերազմում կրած պարտության մեղքը, իսկ Գալստյանին բանտ ուղարկեց Ալիևի հրահանգով և կամավոր զինաթափման շրջանակներում՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրման պատրաստակամության համատեքստում։
Նախքան օգոստոսի 1-ին ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստում Տոնոյանի խոստովանությունը՝ մենք բազմիցս հրապարակել ենք այն վարկածը, որ Փաշինյանը օգտագործում է նախկին նախարարին որպես քավության նոխազ. Փաշինյանը ուզում էր Տոնոյանի վրա բարդել պարտության մեղքը և արդյունքում հասավ իր նպատակին: Թերի սպառազինություն ձեռք բերելու գործով մյուս մեղադրյալները, այդ թվում Գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ Արտակ Դավթյանը, ազատության մեջ են, կալանքի տակ են միայն Տոնոյանը (մշտական հիմունքներով) և Գալստյանը (պարբերաբար):
Որպեսզի ընթերցողը լիակատար չափով պատկերացնի 2018-ի գարնանը իշխանության զավթումից հետո սպառազինության գնումների հետ կապված իրավիճակը, հղում կատարեմ միայն մեկ ցուցանշական օրինակի։ Նախարար Տոնոյանի և Գլխավոր շտաբի պետ Դավթյանի միջև առկա անհաշտ տարաձայնությունների արդյունքում գրչի մեկ հարվածով չեղարկվեց մի քանի միլիոն դոլարի սպառազինության գնման գործարքը ռուսական «ORSIS ARMS»-ի հետ։ Մինչ այդ ընկերությունը շահել էր Գլխավոր շտաբի տենդերը, և գործարքի խափանումից հետո դատի տվեց ՀՀ ՊՆ-ին, իսկ ՌԴ-ն պաշտոնական նոտա հասցեագրեց ՀՀ-ին. դա 2019 թվականի հոկտեմբերի 22-ին էր:
Մենք հեռու ենք այն մտքից, թե սպառազինությունների մատակարարման ոլորտում երկարամյա փորձ ունեցող գործարարը երբեք չի խախտել օրենքը, բայց պետք է առնվազն կույր լինել՝ չհասկանալու համար, որ նրան դատում են բնավ ոչ դրա համար։ Եվ ոչ էլ նույնիսկ թերի սպառազինություն մատակարարելու. չէ՞ որ ինչքը չի ընտրել, թե ինչ զինատեսակներ բերի. ինչ հանձնարարել են, այն էլ գնել է։ Անհրաժեշտ զինատեսակների ցանկը, որոնք հետո հայտարարվեցին թերի, հաստատել էր Փաշինյանը, հենց ինքն էլ փոխեց ՊՆ գնումների պլանը, որը ստացել էր նախկին իշխանությունից, ուստի պետք է պատիժ կրի՝ Տոնոյանի և մյուսների հետ հավասար։ Իսկ Գալստյանի մատակարարած բոլոր զինատեսակներն ու մարտական մեքենաները քրեական գործերի շրջանակներում փորձաքննություն են անցել մարտական պատրաստականության ստուգմամբ։ Բոլոր զորամասերում ստուգումները ոչ մի թերություն չեն հայտնաբերել։
Աչքի անցկացնելով Գալստյանի կալանավորումների և նրան առաջադրված մեղադրանքների մասին ամենատարբեր պարբերականներում հրապարակված նյութերի ահռելի քանակը՝ տողերիս հեղինակը, ի զարմանս իրեն, ոչ մի բացասական շեշտադրում չգտավ այդ մարդու հասցեին։ Հայկական ԶԼՄ-ների համար այդպիսի միաձայնությունը հազվադեպ երևույթ է և շատ բանի մասին է վկայում, ինչը հրապարակումներում չես պատմի՝ հետևելով «մի՛ վնասիր» սկզբունքին։