ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները Բաքվին կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
ՄԱԿ–ի հատուկ զեկուցողներն իրենց զեկույցում Ադրբեջանին կոչ են արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Փորձագետները (ՄԱԿ–ի. խմբ.) կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին, 2020 թվականի նոյեմբերին կնքված հրադադարի համաձայնագրին համապատասխան, անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռնատարների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Նրանք նաև կոչ են արել տարածաշրջանում տեղակայված ՌԴ խաղաղապահներին հրադադարի մասին համաձայնագրի պայմանների համաձայն պաշտպանել միջանցքը», – ասվում է ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության տարածած հայտարարության մեջ։
Նրանց խոսքով` վերջին 7 ամիսներին ԼՂ–ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը հանգեցրել է նրան, որ բնակչությունը բախվել է հիմնական սննդամթերքի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի, այն ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և վտանգի տակ դրել մարդկանց կյանքը։
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում կատարել միջազգային պարտավորությունները` կապված մարդու իրավունքները հարգելու և պաշտպանելու հետ, այդ թվում` սնվելու, առողջապահության, կրթության և կյանքի իրավունքը։ Մենք ընդգծում ենք նաև բոլոր ներգրավված կողմերի միջև համագործակցության և երկխոսության կարևորությունը` ԼՂ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորման համար», – նշված է հայտարարության մեջ։
Փաստաթուղթը ստորագրել են նաև սննդի իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայքլ Ֆահրին և կրթության իրավունքի հարցերով զեկուցող Ֆարիդ Շահիդը։
Sputnik Արմենիա