Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանում` Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են անում ի աջակցություն Արցախի։

 


«Արցախը մերն է եղել, հիմա էլ մերն է ու մերն էլ մնալու։ Արցախը ոչ ոք չի կարող կտրել մեզնից։ Այս երկրի տերը մենք ենք` կռվողն էլ, մեռնողն էլ մենք ենք։ Պահանջում ենք, որպեսզի հենց այսօրվանից թույլ տան սնունդը տեղափոխել Արցախ։ Մեր պայքարի միակ հասցեատերն Արցախն է, Արցախը տանք` հետո Սյունիքն է լինելու։ Այսօր մեր ինքնասիրությունը վերցնում են մեր ձեռքից, պետք է գնանք մեր ինքնասիրության հետևից»,– նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ անձ էլ շեշտեց, որ իրենք կարող են և պատրաստ են պայքարելու ու պահելու Արցախը, Լաչինի միջնացքը բացելու, միայն թե պետք է կառավարությունն իրենց զինի։

Դիտարկմանը` իշխանությունները պնդում են, թե ուժերն անհավասար են, ակցիայի մասնակիցները միաձայն պատասխանեցին, որ դա սուտ է ու ցանկացած պահի, երբ պատերազմ սկսի, իրենք կարող են ապացուցել դա։

Նրանք կառավարությունից պահանջում են Արցախում, Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ քայլեր ձեռնարկել, իրենց էլ պատասխան տալ, թե ինչ է արվելու։

Ակցիայի մասնակիցները վստահեցնում են` չանելու դեպքում իրենք պատասխան կտան և՛ կառավարությանը, և՛ արցախցիներին, և՛ Եռաբլուրին։

«Այստեղ մնալու ենք այնքան, մինչև հարցը լուծվի։ Մինչև երեկո եթե մեզ պատասխան չտան, ամբողջ հրապարակում զինվորական պալատկաներ կխփենք ու կմնանք ստեղ։ Բոլորը գալիս են, շրջաններից էլ, ու մենք արցախցու համար պայքարելու ենք մինչև վերջ։ Թող զոհեր լինեն, ոչինչ, Եռաբլուրում մեզնից պակաս տղերք չեն, պատերազմով էլ լինի` բացելու ենք էդ ճանապարհը»,– ասաց ակցիայի մասնակիցը։

«Հիմա բոլորը միանում են մեզ, իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը, բոլոր ռեսուրսները բաժանում ենք մարդկանց ու բոլոր հարցերը լուծում ենք»,– նշեց ակտիվիստը։

Sputnik Արմենիա