ԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՀՀ ԱԳՆ-Ի ԱՀԵՂ ԶԵՆՔՆ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԱՎԹԱԽՈՒԺՄԱՆ ԴԵՄ
Սովորության համաձայն ՀՀ ԱԳՆ կոչվող գերատեսչությունում, դատելով ամենից, ողջ թափով հանգստանում են «լարված» աշխատանքից։ Վաղուց չի երևում Օմեգա Միրզոյանը, վաղուց չեն լսվում նույնիսկ դատարկ հայտարարություններ։ Միայն մամուլի խոսնակ Անի Բադալյանն է թվիթերյան գրառումներ անում, որոնք համարվում են Հայաստանի դիրքորոշումն ամենալուրջ հարցերի վերաբերյալ։ Այդ թվում՝ ի պատասխան Բաքվի անթաքույց և կոնկրետ տարածքային նկրտումների։
Այսպես, հուլիսի 7-ին Բաքվի պետական հեռուստաընկերությունը եղանակի տեսությունն ուղեկցել է քարտեզով, որտեղ Երևանն ու Հայաստանի մարզերը ներկայացվել են որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաշվի առնելով թուրքերի հակվածությունը խորհրդանշականության և ծիսականության նկատմամբ, հնարավոր է, որ խաղարկվում է «Արևմտյան Հայաստան» պատմաաշխարհագրական և քաղաքական եզրույթը: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ դա առաջին հերթին առավել քան ակնհայտ դրսևորումն է այն ամենի, ինչի մասին մշտապես խոսում են Բաքվի պաշտոնյաները՝ Ալիևի գլխավորությամբ։
Ամեն դեպքում, այդպիսի «քարտեզի» ցուցադրման փաստն ինքնին այնքան խոսուն ու աղաղակող է, որ իրեն հարգող ցանկացած երկրի ցանկացած կառավարություն պարտավոր էր կոշտ պատասխան տալ ինքնիշխան պետության տարածքի նկատմամբ անթաքույց նկրտումներին։ Ցանկացած, բայց ոչ փաշինյանական։ Քանզի Բաքվի աննախադեպ լկտիությանը ցուցաբերված միակ արձագանքը ԱԳՆ մամլո քարտուղարի թեթևամիտ, այլ կերպ դժվար է անվանել, թվիթն էր՝ մեկ նախադասության տեսքով. «Ցուցադրված հիվանդագին պատրանքներն ու թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»:
Թե հատկապես ում կողմից «պետք է մերժվեն հիվանդագին պատրանքները», Բադալյանը չէր հստակեցնում, ակնհայտորեն համարելով, թե դա այլ երկրների և այլ առաջնորդների գործն է, բայց բնավ ոչ Հայաստանի: Իսկ ինչ վերաբերում է «պատրանքներին», ապա թույլ տանք մեզ հիշեցնել օրիորդին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներն արդեն գրեթե 2 տարի 3 ամիս բռնազավթված են ադրբեջանական բանակի կողմից, որը, ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի, առաջնորդվում է ոչ թե պատրանքներով, այլ կոնկրետ գործողություններով:
Բայց այդ մասին և՛ Միրզոյանը, և՛ Փաշինյանը, և օկուպացիոն իշխանության մյուս բոլոր ներկայացուցիչները վաղուց արդեն չեն հիշում. շատ ավելի հեշտ է զինված զավթախուժումը համարել պատրանքներ, այն էլ՝ հիվանդագին։ Այն հարցը, թե «ո՞ւմ համար են դրանք հիվանդագին», օրիորդ Բադալյանը կրկին իսկ չի պարզաբանում։ Գրեց թվիթը, և համարեց, թե գործն արված է, «պատասխանը» տրված է: Իսկ Ադրբեջանի հասցեին կոշտ հայտարարությունը Օմեգա-Արաբատի գլխավորած ԱԳՆ-ի համար չէ, քա՜վ լիցի։
ԱՅԴՈՒՀԱՆԴԵՐՁ ԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄԸ, ՈՐՔԱՆ ԷԼ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ՉՎԱԽԵՑՐԵՑ ԲԱՔՎԻՆ։ Քանզի ուղիղ մեկ ամիս անց այնտեղ ավելի հեռուն գնացին և ցուցադրեցին 35 րոպեանոց ֆիլմ, որում Հայաստանի ողջ տարածքը արդեն ներկայացված է որպես Ադրբեջանի տարածք։ Ընդ որում ֆիլմը ցուցադրվել է ադրբեջանական պետական հեռուստաընկերության եթերում, այսինքն դա ահաբեկչական պետության պաշտոնական դիրքորոշման արտահայտությունն է։ Ընդգծեմ. Հայաստանի ողջ տարածքը ներառված էր Ադրբեջանի կազմում։
Ի՞նչ արեցին Երևանում՝ դրան ի պատասխան։ Ճիշտ է. Բադալյանը վերադասի հանձնարարությամբ կրկին գրառում արեց Twitter-ում։ Եվ վե՛րջ:
Ճիշտ է, այս անգամ նա այդչափ լակոնիկ չէր և միանգամից մի քանի արտահայտություն էր գրել։ Արդյունքում պարզվեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի պաշտոնը զբաղեցնող սույն օրիորդը հանկարծ իր համար բացահայտել է վաղուց հայտնի և տասնամյակներ շարունակ ակնհայտ միանգամից մի քանի ճշմարտություններ։ Օրինակ, որ «Ադրբեջանը պետական քարոզչությամբ ցուցարում է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող ակնհայտ վտանգ»։ Մեկնաբանելով այն փաստը, որ Հայաստանի մարզերը, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը Բաքվի հեռուստատեսության ծրագրերում նշվում են ադրբեջանական տեղանուններով, մամլո քարտուղարը վստահաբար հայտնեց, որ սա «առաջին դեպքը չէ»:
Եվ Բադալյանը միանգամայն իրավացի է.սա բնավ առաջին դեպքը չէ, ընդ որում ոչ միայն ադրբեջանցի պաշտոնյաների և քարոզչության, այլև հենց իր գլխավոր շեֆի համար: Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականի աշնանը Փաշինյանը Սյունիքի գյուղերն անվանեց ադրբեջանական տեղանուններով՝ հայտարարելով, թե դրանք հայկական տարածք չեն։ «Ադրբեջանը ուզում է իր տարածքում մաքսային հսկողություն սահմանել Էյվազլի - Չայզամի հատվածում»: Ուրեմն ինչո՞ւ է զարմանում և ինչի՞ց է զայրանում ԱԳՆ խոսնակը։
Պարզվում է նաև, որ Անի Բադալյանը տեղյակ չէ այն մոլի հայատյացության մասին, որն ի սկզբանե ադրբեջանական պետական գաղափարախոսության և ցեղասպան քաղաքականության անկյունաքարն է։ Ինչպե՞ս այլ կերպ ընկալել նրա «փաստարկն» առ այն, թե «կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում»։ Իսկ այդ բացահայտ դեմագոգիային կրկին հաջորդում է ոչ պակաս դեմագոգիկ անհասցե կոչը. «Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից ամբողջությամբ»:
Ուրեմն մերժե՛ք: Բայց մերժեք քաղաքականությամբ, գործողություններով, աշխատանքով, այլ ոչ թե թվիթերյան գրառումներով։ Ինքնիշխան երկրի տարածքի նկատմամբ բացահայտ ոտնձգությունները վճռական քայլեր են պահանջում բնավ ոչ սոցցանցերի մակարդակով, այլ իրապես՝ յուրաքանչյուր միջազգային հարթակում, յուրաքանչյուր երկրում, որտեղ կան ՀՀ դեսպանատներ, յուրաքանչյուր կազմակերպությունում։ Միայն մշտական աշխատանքը կարող է հանգեցնել նրան, որ դա «վճռականորեն մերժվի», ինչպես պաթոսով պահանջում է Բադալյանը։ Ասես խոսքը ոչ թե «հողի վրա», թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում զինված ագրեսիայով հավաստվող հռետորաբանության մեջ թուրքական զավթախուժման կոնկրետ դրսևորումների մասին է, այլ ընդամենը վերացական պատրանքների։
Իսկ Բադալյանը, պետք է ենթադրել, իր նրբագեղ գրչի մեկ շարժումով ցիրուցան է անում այդ «պատրանքները»։ Այդպես են, ըստ երևույթին, համարում «ՀՀ ԱԳՆ» կոչվող գերատեսչությունում, սահմանափակվելով իրենց մամուլի խոսնակի անատամ և երբեմն անգրագետ գրառումներով՝ ի պատասխան ցանկացած ինքնիշխան երկրի համար բացարձակապես անհանդուրժելի տարածքային ոտնձգությունների։
Այլ հարց է, որ այն կառույցից, որի ղեկավարը թուրքական գործակալ է, իսկ նրա իրական ղեկավարը՝ թուրքի դրածո, այլ բան ակնկալել անհնար է։ Անի Բադալյանի թվիթերյան գրառումները՝ որպես թուրքական զավթախուժման դեմ ԱԳՆ-ի միակ «զենք», կատարյալ ներդաշնակում են այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմանամերձ շրջաններում, որտեղ վաղուց բնակռել և իրենց միանգամայն ազատ են զգում Ադրբեջանի զինված ուժերը։ Եվ որտեղից պարզ երևում են այն տարածքները, որոնք Ալիևը հայտարարում է իրենը, իսկ իր հեռուստաընկերությունն ամրապնդում է այդ հայտարարությունները կոնկրետ քարտեզով։