Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԴԵՂԻՆ ՔԱՐՏ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իրավիճակը հասել է այնպիսի կետի, որ անգամ Արայիկ Հարությունյանը չի կարողանում չմեղադրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով Արցախի նախագահի հարցազրույցին։
«Երբ Արայիկ Հարությունյանը խոսում է այն մասին, որ Իլհամ Ալիևը Ստոլտենբերգի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Զանգեզուրի միջանցք կոչվածին, ասում է՝ դե, կարծում ենք՝ դա պարզապես ճնշում է բանակցություններին ընդառաջ: Սա խոսում է նրա մասին, որ Արցախի իշխանությունները, վստահաբար, նաև Հայաստանի իշխանությունները, ռիսկերը գնահատելու և կառավարելու հետ կապված լուրջ խնդիրներ ունեն», — ասել է քաղաքագետը ՝ պատասխանելով հարցին, թե ինչ էր ուզում ասել Հարությունյանը՝ վերջին հարցազրույցում անուղղակիորեն մեղադրելով Հայաստանին, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետը չի իրականացվում և տարածաշրջանի կոմունիկացիայների ապաշրջափակումը փակուղի է մտել, ինչն ազդում է Արցախի շրջափակման վրա:
«Մեր իրավիճակում գտնվող պետությունների համար ֆունդամենտալ վտանգ ներկայացնող իրավիճակ է, երբ իշխանությունը չի կարողանում իրապես ռիսկերը կառավարել: Եվ իրավիճակը հասել է այնպիսի կետի, որ անգամ Արայիկ Հարությունյանը չի կարողանում չմեղադրել Նիկոլ Փաշինյանին»,- նշել է քաղաքագետը:
Բանախոսի կարծիքով մի քանի հանգամանք է պետք ֆիքսել Հարությունյանի հարցազրույցից:
«Նախ, առաջին անգամ իշխանության բարձր մակարդակով խոսք եղավ, որ ՀՀ վարչապետի անձնական որոշման և գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է այս իրավիճակում, և Փաշինյանն է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս: Երկրորդ, Արայիկ Հարությունյանի կոպերֆիլդյան լեզվից եթե թարգմանենք, ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, մանրամասն ծանոթ լինելով բանակցային գործընթացին, անտեսանելի դաշտում ինչ-որ խոստումներ են տվել, և դրանք չկատարելու պատճառով է նաև, որ Արցախը հայտնվել է այս իրավիճակում:
Այսինքն, Փաշինյանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս և չի տրամադրել այն կոմունիկացիաները, որոնց համար պարտավորություն է վերցրել: Սա ֆունդեմանտալ կարևոր երևույթ է, և իրավիճակը հասել է նրան, որ նույնիիսկ Արայիկ Հարությունյանը այլևս չի կարողանում չմեղադրել Նիկոլ Փաշինյանին: Այսպես ասած` դեղին քարտ է ցույց տվել նրան», — եզրափակել է քաղաքագետը: