ՀՅԴ ԳՄ․ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

Հայ հեղափոխական դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների ու սպառնալիքների պայմաններում:

Ընդգծվում է, որ ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցեր մեկ միասնական ցանկով։

«Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»,– նշված է հայտարարության մեջ։

Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավելյալ հայտարարությամբ հանդես կգա։

Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.

- Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),

- Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,

- Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,

- «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,

- «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,

- ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,

- «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),

- Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),

- «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,

- Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։

Sputnik Արմենիա