Ռուսաստանն ԱՄՆ-ին մեղադրել է Ստամբուլի պայմանավորվածությամբ ստանձնած պարտավորություններից խուսափելու մեջ

Վաշինգտոնի փորձերը՝ զարգացող երկրների վրա ճնշում բանեցնելով «համոզել» Ռուսաստանի Դաշնությանը վերադառնալ հացահատիկի գործարքին, իրադրությունն աղավաղելու տեղեկատվական քարոզչության մի մասն են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Այսպիսով, այստեղ փորձում են խուսափել պատասխանատվությունից Ստամբուլյան պայմանավորվածությունների փոխկապակցված աշխատանքում շարունակական խափանումների համար։ Լայն հանրության ուշադրությունը շեղել այն բանից, որ հացահատիկի դուրսբերումն Ուկրաինայից ի սկզբանե չի համապատասխանել հայտարարված հումանիտար նպատակներին»,- ասել է դեսպանը։

Անտոնովի խոսքով՝ «սևծովյան նախաձեռնության» վերականգնման համար տարբեր «համոզումները» զուրկ են «ամեն իմաստից»։

«Ռուսաստանը, որպես պատասխանատու տերություն, որը շահագրգռված է թեթևացնելու ամենաաղքատ պետությունների բեռը, այդ թվում բարձրագույն մակարդակով, հասկանալ է տվել. դուռը «հացահատիկի գործարքի» վերականգնման համար բաց է մնում։ Այն ամենը, ինչ հարկավոր է ԱՄՆ-ից ու նրա դաշնակիցներից, ոչ թե խոսքով, այլ գործով խոչընդոտները վերացնելն է «փաթեթային» գյուղատնտեսական համաձայնագրերի իրականացման գործում։ Այդ թվում՝ պատնեշները վերացնելը համաշխարհային շուկաներ ռուսական ագրոարտահանման հասանելիության համար»,- նշել է նա։

ՌԴ դեսպանի կարծիքով՝ տեղի իշխանությունների հայտարարությունները ոչ լեգիտիմ պատժամիջոցային մեխանիզմները հանելու մասին՝ հերթական «փուչ» տեղեկատվությունն են։

«Հայրենական ընկերությունները շարունակում են բախվել ֆինանսական և լոգիստիկ դժվարությունների, անգամ երբ խոսքը վերաբերում է անհատույց կերպով պարարտանյութերի հանձնմանը կարիքավոր շրջաններին։

Վարչակազմը միայն խոսքով է մտահոգվում ամենաաղքատ երկրների բարեկեցության մասին, և դրա հավաստիացումներից մեկը նրա մաղձոտ արձագանքն է Ռուսաստանի նախագահի լայն ժեստին՝ ուղղված աֆրիկյան մի շարք գործընկերների պարենային անվտանգության ամրապնդմանը։ Այստեղ դեռ երկար ժամանակ, ըստ երևույթին, «կմարսեն» Վ.Պուտինի ազդարարած 25-50-ական հազար տոննա ցորենի անվճար առաքումը մեր բարեկամ մայրցամաքի պետություններին»,- ընդգծել է նա՝ ԱՄՆ-ին առաջարկելով հայտարարել ավելի խոշոր գյուղտնտմթերքների խմբաքանակների մասին՝ Աֆրիկայի կարիքների համար։

News.am