Միրզոյանը ԼՂ–ում ահագնացող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է լիտվացի գործընկերոջը
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ինչպես նաև ԼՂ մուտք ունեցող միակ միջազգային հումանիտար կազմակերպության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի լիակատար ու անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությունը։
Նա անդրադարձել է նաև հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ ընդգծելով Ադրբեջանի նման գործելակերպի բացարձակ անընդունելիությունը:
Միրզոյանը շեշտել է միջազգային դերակատարների, այդ թվում` ԵՄ–ի ու ԵՄ անդամ պետությունների կողմից հստակ քայլեր իրականացնելու կարևորությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերացման և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված քայլերը կանխելու նպատակով։
Sputnik Արմենիա