Վարդան Օսկանյան․ Հայերի ձեռքին միայն պայմանագիրը ստորագրել-չստորագրելու լծակն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայերն իրենց ձեռքին միայն մեկ լծակ ունեն, ու դա, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը ստորագրել–չստորագրելու լծակն է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

 

«Այդ լծակն, իհարկե, այսօր բավականին թուլացել է, որովհետև ՀՀ իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ասել են, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, բայց դրանք դեռ բանավոր են, գրավոր ստորագրելու լծակը դեռ իր ուժը չի կորցրել»,– ասաց Օսկանյանը։

Օսկանյանի խոսքով՝ այդ լծակն այնպես պետք է օգտագործել, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք.

«Այսօր այդ լծակը շատ վտանգավոր ձևով է օգտագործվում, և օրեցօր պատերազմի հավանականությունն ավելի մեծանում է։ Իշխանությունները հնարավորություն ունեն բանավոր իրենց խոսքից հետ կանգնելու, որն ավելի կուժեցացնի այդ լծակը, բայց այստեղ այդ լծակը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել: Ես անկեղծ չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ուզո՞ւմ է ստորագրել, թե՞ ոչ»:

Օսկանյանի կարծիքով՝ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու. «Որովհետև դրա բովանդակությունը որևէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ: Սա, բնականաբար, կարող է ձգձգվել, և հենց այստեղ է վտանգը, որովհետև այն բառապաշարը, ոճն ու հռետորաբանությունը, որը այսօր Փաշինյանն օգտագործում է և միաժամանակ բանակցությունները շարունակվում են, փաստաթուղթ չի ստորագրվում, օրեցօր պատերազմի վտանգը մեծանում է, եթե դու բարձրացնում ես հակառակորդի ակնկալիքը, բայց չես անում դա, ի վերջո նա անցնելու է գործողությունների: Այստեղ միջնորդները ոչինչ անել չեն կարող»:

Օսկանյանը շեշտեց, որ պետք է փոխվի բանակցությունների մոտեցումը, որովհետև այն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում.

«Այսօր դրա հնարավորությունն իսկապես կա: Դա էապես նվազեցնելու է պատերազմի հնարավորությունը, եթե մենք կարողացանք ճիշտ պահին փոխել բանակցային բովանդակությունը, փիլիսոփայությունը, նարատիվը»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա կոչին՝ Օսկանյանն ասաց. «Այնտեղ կուզեի տեսնել նաև կոչ Հայաստանի իշխանություններին՝ հետ վերցնել Փաշինյանի պրահյան հայտարարությունը: Այդ հայտարարությունը մեծ ավերներ է գործում»:

Արցախում ստեղծված ծանր իրավիճակը Փաշինյանի` Պրահայում կատարած հայտարարության հետևանքն է.

«Փաշինյանը պետք է հասկանա իր սխալն ու ուղղի այն։ Այսօր նա հնարավորություն ունի հետ կանգնելու իր հայտարարությունից` ելնելով հենց այսօրվա իրավիճակից։ Նա կարող է հենց այդպես էլ ասել` ես ինչ–որ բան եմ փորձել, բայց տեսնում եմ, որ մեր հակառակորդը դա չարաշահում է։ Ես հետ եմ կանգնում այս հայտարարությունից, և այսօր ես դրա իրավունքը ունեմ:

Ոչ մեկ ոչինչ չի կարողանում անել: Ռուսաստանն այդ մասին արդեն բացահայտ է ասել, այլ կերպ ո՞նց ասեն: Նրանք ասել են՝ Փաշինյանի պրահյան հայտարարությունը, դրա տակ իր ստորագրությունը էապես փոխել է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության ողջ էությունը, և Ռուսաստանն այսօր ոչինչ անել չի կարող, դա բացահայտ է ասվել: Արևմուտքը բացահայտ չի ասել, բայց կուլիսային հանդիպումների ժամանակ նույնն է ասում, տողատակով հասկացնում են: Արտերկրում մարդիկ փորձում են իրավիճակ փոխել, փորձում են բովանդակությունների վրա ազդել, բայց մարդիկ բախվում են նույն պատին»,– նշեց Օսկանյանը։

News.am