ԵՐԲ ՁԻԱՎՈՐՆ ԱՆԳԼՈՒԽ Է

Մի հայտնի դրվագ Կնքահոր մասին գրքից: Տարեց դոնը սովորեցնում է որդուն. «Ով առաջինը քեզ առաջարկի գնալ թշնամու մոտ բանակցությունների, նա էլ դավաճան է»։ Այս արտահայտությունը բոլորովին դուր չի գալիս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ամուսնուն։ Քանզի նա ամեն աստծու օր հեռուստաէկրանից վախեցնում է հանրությանը, թե եթե Ստեփանակերտը չգնա Բաքվի հետ բանակցությունների, նոր մեծ պատերազմ կլինի։ Միակ ճանապարհն այն է, որ թշնամու հետ պայմանավորվեն և՛ Ստեփանակերտը, և՛ Երևանը։ Իսկ «Կնքահայրը» գրքից այդ արտահայտությունը շահարկելն, իբր, սխալ է։

ԲԱՅՑ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ Ի՞ՆՉ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ։ Չէ՞ որ կարևորը բովանդակությունն է, պարունակությունը, այլ ոչ թե փաթաթավորումը: Հնարավոր բանակցությունների բովանդակությանը հենց սկզբից ուղղություն տվեց Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հայկական կողմը պետք է իջեցնի իր ակնկալիքների նշաձողը: Հետո զարգացրեց այդ միտքը, և բոլորը հասկացան, որ պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից, և խոսել միայն Արցախի բնակիչների իրավունքների ու անվտանգության մասին։ Ըստ Նիկոլի՝ դա են իրեն համոզում գործընկերները, և պատրաստ են այդժամ աջակցել Երևանի դիրքորոշմանը։

Այստեղ ուշագրավ հանգամանքներ կան։ Մոսկվան ոչ մի նման բան չի առաջարկել։ Նրա մոտեցումը հստակ արտահայտվել է բազմիցս. կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները, բացել հաղորդակցության ուղիները, լուծել սահմանների հարցը, իսկ Արցախի կարգավիճակի՝ «նշաձողի» խնդիրը թողնել հետագային։ Ու թեև Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, նա խոսել է նաև այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցում Մոսկվան կաջակցի Երևանի դիրքորոշմանը...

Փարիզը՝ Մինսկի խմբի երկրորդ համանախագահը, նույնպես չի պնդել, որ նշաձողն իջեցվի։ Բավական է հիշել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների բանաձևերը՝ Արցախի անկախությունը ճանաչելու կոչով։

Մնում է ԵԱՀԿ ՄԽ երրորդ համանախագահը՝ Վաշինգտոնը։ Այ նա, այո, հավատարիմ Արմեն Գրիգորյանի միջոցով համոզում էր Փաշինյանին, որ պետք է «իջեցնել նշաձողը»։ Եվ առաջարկում Երևանին Արցախի ինքնորոշման իրավունքին աջակցելու փոխարեն ստեղծել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային հարթակ՝ դեռևս չճանաչված հանրապետության բնակիչների իրավունքների և անվտանգության հարցը քննարկելու համար։ Նիկոլ Փաշինյանն անմիջապես կառչեց այդ գաղափարից՝ համարելով, թե ամերիկացիներն իրենց ասածին կհասնեն, և դա թույլ կտա իրեն ազատվել Արցախի «խնդրից»՝ փոխադրելով դա Ադրբեջանի, Արցախի և տխրահռչակ խորհրդավոր «միջազգային հարթակի» ուսերին։

Ամերիկացիները Փաշինյանին ասում էին, որ այդ գաղափարն իրականացնելու համար Երևանը պետք է առավելագույնս կառուցողական լինի։ Եվ Փաշինյանը առավելագույնս կառուցողական էր։ Արգելեց պաշտոնյաներին այցելել Արցախ, երբեք չանվանեց Լեռնային Ղարաբաղը հանրապետություն, Արցախից դուրս բերեց ՀՀ քաղաքացի զինվորականներին, վերադարձրեց ադրբեջանցի գերիներին, տվեց ականապատ դաշտերի քարտեզները, զորքերը հետ քաշեց սահմանամերձ որոշ տարածքներից, վերջապես՝ ճանաչեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Թե ինչի դա հանգեցրեց, գիտենք. Արցախը, ԼՂՀ նախագահի խոսքերով, վերածվեց համակենտրոնացման ճամբարի

Այդ ողջ ընթացքում Մոսկվան զգուշացնում էր Երեվանին, որ այդպիսի ճանապարհը ճիշտ չի համարում։ Առճակատ կամ անուղղակի, բայց Երևանին բազմիցս ասվել է, որ խնդրի լուծումը ոչ թե ամերիկյան սցենարով գլխացավանքից ազատվելու մարտավարության, այլ 9.11.2020-ի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական կատարման մեջ է։ Մոսկվան բազմիցս զգուշացրել է Երևանին, առճակատ կամ անուղղակի, որ ամերիկյան նախաձեռնություններն ավելի շատ ուղղված են տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցմանը, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:

Երևանը համառորեն իր գիծն էր առաջ տանում՝ միջազգային հարթակի վերաբերյալ ամերիկյան խոստումների իրականացման սրտաթրթիռ սպասումով։ Հանուն դրա նույնիսկ Հայաստան բերեց եվրոպացի դիտորդների և հրաժարվեց ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից։

Այդ ընթացքում, 44-օրյա պատերազմի ավարտից հետո Բաքվի և Ստեփանակերտի միջև որոշակի երկխոսություն էր ընթանում ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ: Սակայն, որոշակի ժամանակից ի վեր, իսկ ավելի ճիշտ՝ այն պահից սկսած, երբ Փաշինյանը «իջեցրեց նշաձողն» ամենաստորին կետի, Բաքուն սկսեց Ստեփանակերտի հետ խոսել վերջնագրերի լեզվով. իբր՝ կա՛մ եկեք Բաքու՝ խոսելու Ադրբեջանին «ինտեգրվելու» մասին, կա՛մ շուտով ձեր բոլորի վերջը կգա։

«Իսկ ի՞նչ եղավ միջազգային հարթակը»,- աղերսագին դիմում էին Վաշինգտոնին հայ արևմտամետները։ Վաշինգտոնից պատասխանում էին, որ դրա գործարկման համար Ստեփանակերտը նույնպես պետք է իր լուման ներդնի Երևանի հակառուսական արշավում։ Փաշինյանն ու Հարությունյանը այդ քայլին էլ գնացին։ ԼՂՀ նախագահին կից ստեղծեցին հակաճգնաժամային ինչ-որ կասկածելի խորհուրդ՝ արևմտամետ գործչի ղեկավարությամբ, որը սկսեց անհասկանալի ակցիաներ անցկացնել ՌԽԶ-ի դեմ։

Դա էլ արեցին, ուրեմն ո՞ւր է վերջապես Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային հարթակը։ Հակաճգնաժամային խորհրդի ղեկավարը դեմքի խորհրդավոր արտահայտությամբ հայտարարեց, թե՝ այ հիմա կգա ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն, և ամեն ինչ իր տեղը կընկնի... Եվ ահա Բոնոն եկավ: Այցելեց Երևան և Բաքու: Եվ ինչպես տեղեկացանք Արցախի նախագահի հարցազրույցից, պարզվում է՝ ամերիկացիները վերջապես առաջարկեցին Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների հանդիպում երրորդ երկրում. գուցե Սլովակիայում, իսկ գուցեև Բուլղարիայում ... Այսինքն իրենց խոստումը կատարեցին։ Բայց ա՛յ քեզ դժբախտություն. Ստեփանակերտն ասաց՝ «այո», իսկ Բաքուն պատասխանեց՝ «ոչ»…

ԵՎ Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏՈ: ՀԵՏՈ ՈՉԻՆՉ ԷԼ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Չէ ու չէ, ի՞նչ կարող ես անել։ Ամերիկացիներից էլ ի՞նչ պահանջես... Դե, չհամաձայնեց Բաքուն, ի՜նչ արած։

Ի՞նչ ունենք մնացորդում: Մնացորդում միայն հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ վատթարացումն է։ Եվ ուրեմն ինչո՞ւմ էր անիրավացի Մարիա Զախարովան, երբ զգուշացնում էր, որ միայն դա է լինելու Վաշինգտոնի դուդուկի տակ պարելու արդյունքը։

Մի հին անեկդոտ կա, որը նկարագրված ամենի լույսի ներքո կհնչի մոտավորապես այսպես. «Մի օր գալիս է քաղաքացի Փաշինյանը ձիարշավարան և ուզում շահեկան խաղադրույք կատարել, որպեսզի լուծի իր բոլոր խնդիրները:Հանկարծ նրան է մոտենում մի ծեր, քաֆթառ յաբու ու ասում. «Մի նայիր, որ ես հազիվ եմ կանգնած ոտքի վրա, ես ամերիկյան մուստանգ եմ, պրերիաների տիրակալ, ես ամեն ինչ կարող եմ, և առաջինը կհատեմ վերջնագիծը»: Քաղաքացի Փաշինյանը մուստանգի վրա կատարեց իր բոլոր խաղադրույքները, իսկ ձին եկավ վերջինը։ Բայց ազնվորեն ներողություն խնդրեց. «Դե, չկարողացա, չստացվեց...»:

Ահա այսպես, ապավինելով մուստանգին, բոլոր պրերիաների տիրակալին, արդյունքում պարզվեց, որ փաստորեն քաղաքացի Փաշինյանը անգլուխ ձիավոր է։ Լավագույն դեպքում։ Դե, իսկ վատթարագույն… Վատթարագույն դեպքում պետք է վերադառնալ այս հոդվածի սկզբին և տալ նույն հարցը. «Ուրեմն, ո՞վ այնուամենայնիվ առաջինը առաջարկեց Ստեփանակերտին պայմանավորվել Բաքվի հետ՝ խոստանալով օբյեկտիվ միջազգային հարթակ»։