ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։
Ըստ լրատվամիջոցի` երեկ Գրիգորյանը ՀՀ վարչական դատարան է դիմել անվավեր ճանաչելու համար գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի` հուլիսի 13-ի որոշումը, որով ինքն ազատվել է աշխատանքից։
Հիշեցնենք` գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել էր ոչ միայն Գրիգորյանին, այլև Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին։
Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահները, գաղտնալսելով նրանց, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական էր դարձել երկու դատախազների համար։ Վարդապետյանը դադարեցրել էր նրանց լիազորությունները և ծառայողական քննություն սկսել։