Կապրենք, կտեսնենք. Հովակիմյանը` Երևանի ավագանու արդար ընտրություններ անցկացնելու մասին

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը չի բացառում, որ Երևանի ավագանու ընտրություններում իշխանության թեկնածուի կողմից վարչական ռեսուրսի չարաշահում լինի, սակայն վստահեցնում է, որ լինելու դեպքում նա օրենքով սահմանված կարգով պատասխանատվության կենթարկվի։ Նա այդ մասին ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ` անդրադառնալով ընտրությունների արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «GALLUP International association»-ի հարցման համաձայն` երևանցիների մեծամասնությունը` ավելի քան 50 տոկոսը, նշել է, որ չեն վստահում արդար ընտրությունների անցկացմանը:

Կասկածները, որ ԿԸՀ նախագահը, լինելով ՔՊ հիմնադիր անդամ, չի կարողանա ապահովել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ` Հովակիմյանը համարում է անհիմն և չտեղեկացված լինելու արդյունք։

«Նման պնդում անողները ԿԸՀ նախկին նախագահների գործունեությանը քաջածանոթ չեն։ Ինչ վերաբերում է անաչառ կազմակերպչական հմտություններին, կապրենք, կտեսնենք, թե որքանով ԿԸՀ նախագահը կարողացավ լավ ընտրություններ կազմակերպել»,–հավելեց նա։

Հովակիմյանն ընդգծեց, որ ինքը միշտ կողմնակից է եղել և պայքարել է ազատ, արդար և թափանցիկ մրցակցային ընտրությունների համար։

«Ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը պետք է բացառվի։ Եթե կլինի նման դեպք չգիտեմ` ում կողից, ցանկացած դեպքում, եթե կլինի վարչական ռեսուրսի կիրառում, օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցները կան, և կասկած չունենք, որ այդ պատասխանատվության միջոցները կկիրառվեն»,– ասաց ԿԸՀ նախագահը։

Նա նաև նշեց, որ եթե քարոզարշավի ընթացքում դիտորդական կազմակերպությունների կամ լրատվամիջոցների կողմից խախտումների վերաբերյալ հրապարակումներ լինեն, ԿԸՀ–ն սեփական նախաձեռնությամբ վարույթ կհարուցի։

«Մենք ուշիուշով հետևելու ենք»,– հավելեց Հովակիմյանը։

Նշենք, որ օգոստոսի 3–ից մեկնարկել է աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը, որը կտևի 10 օր և կավարտվի օգոստոսի 13-ին: Ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը և դաշինքները 10-օրյա ժամկետում ԿԸՀ պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Իսկ օգոստոսի 23-ից էլ արդեն կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։

Sputnik Արմենիա