Սանոսյանն ու Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն»,– ասված է հաղորդագրությունում։

Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։

Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար:

Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:

Sputnik Արմենիա