ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐՈՒՍՏ ՓՈՐՁԸ՝ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մեթյու Միլլերը ճեպազրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ այն հայտարարությունը, որ Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության համաձայնագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին և նույնիսկ կարող է հող ստեղծել նոր բախումների համար:

Միլլերը նշել է, որ Երեվանի եվ Բաքվի միջեվ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հասանելի է, անկախ նրանից, թե ինչպես են դա մեկնաբանում այլ երկրները, գրում է «Ամերիկայի ձայնը»: «Ես չէի ցանկանա խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին ու Ադրբեջանին: Ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջական առնչություն ունեն, որոնք այս վեճի անմիջական կողմերն են: Մենք աշխատում ենք հենց այս երկրների հետ: Հատուկ բանագնաց Բոնոն նախորդ շաբաթ այցելեց այդ տարածաշրջան և անձամբ շփումներ ունեցավ այդ երկրների ղեկավարության հետ: Եվ չնայած այլ` այս խնդրի կողմ չհանդիսացող երկրներից հնչող ցանկացած մեկնաբանություններին, համաձայնագիրը մնում է հասանելիության սահմաններում, և մենք կշարունակենք աշխատել երկրների հետ` այդ համաձայնությանը հասնելու համար»,- նշել Է Միլլերը: Պետդեպարտամենտի մամլո խոսնակը հայտնել է նաև, որ Վաշինգտոնը համարում է, որ Անկարան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում, հաղորդում է Panorama.am-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Պետդեպարտամենտի ներկայացուցչի տրամաբանությունը շատ դժվար է ընկալել։ Մի կողմից՝ նա չի ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Սկզբունքորեն դա կարելի է հասկանալ։ Ասել է թե՝ երրորդը ավելորդ է։ Բայց զուգահեռաբար հնչում է այն թեզը, թե Թուրքիան կարող է այստեղ արդյունավետ դեր խաղալ։ Այսինքն պարզվում է, որ երրորդն ամենևին էլ ավելորդ չէ, եթե դա ոչ թե Մոսկվան է, այլ Անկարան։ Ըստ էության, ակներև են ոչ միայն երկակի չափանիշները, այլև կոգնիտիվ դիսոնանսը։

Ասենք, միայն այս հարցում չէ, որ դժվար է հասկանալ Պետդեպարտամենտի տրամաբանությունը։ Ահավասիկ Միլլերը հայտարարում է, որ Վաշինգտոնը հասանելիության սահմաններում է համարում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Սակայն դա տեղի է ունենում այն խորապատկերին, երբ գրեթե ողջ աշխարհը, հատկապես՝ արևմտյան, միաձայն պնդում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, երբ ողջ աշխարհը խոսում է Արցախի պաշարման ցեղասպան նշանների մասին, երբ ողջ աշխարհը կարեկցում է գործնականում սովի մատնված 120 հազար արցախահայությանը։ Այս խորապատկերին Վաշինգտոնը համարում է, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումը հասանելիության սահմաններո՞ւմ է։ Միանգամայն ակնհայտ է, որ ներկա պայմաններում այդպիսի փաստաթղթի ստորագրումը, բացի ամենայնից, նաև մահվան դատավճիռ է արցախցիներին: Դա՝ մի կողմից։ Մյուս կողմից՝ խաղաղության համաձայնագիրն ընթացիկ իրավիճակում կարող է ապահովել ոչ թե խաղաղություն, այլ նոր պատերազմի նախադրյալներ։ Այ դա, իրոք, հասանելիության սահմաններում է:

Կարելի՞ է արդյոք խոսել հայ-ադրբեջանական երկարաժամկետ խաղաղության մասին, երբ հանուն դրա (խաղաղության) զոհաբերվում է 120 հազար հայի կյանք։ Վաշինգտոնին, իհարկե, կարող է գոհացնել նման դասավորությունը։ Դա ճաշակի և աշխարհաքաղաքական շահերի խնդիր է։ Վաշինգտոնին կարող է ձեռնտու լինել նաև Թուրքիայի դերն այդ գործընթացում՝ որպես Հայոց ցեղասպանության առումով պատմական մեծ փորձ ունեցող կողմի։ Պետդեպարտամենտն առհասարակ հասկանո՞ւմ է, որ ներկայիս իրողությունների պայմաններում խաղաղության պայմանագրի կնքման ու Անկարայի «արդյունավետ» դերի սատարումն ու առաջմղումը նշանակում է անմիջական մեղսակցություն ցեղասպանության կրկնությանը և դրա խրախուսում:

Իհարկե, կարելի է հասկանալ Վաշինգտոնի նյարդային արձագանքը Մոսկվայի հայտարարություններին։ Բայց միևնույն ժամանակ չի կարելի չհամաձայնել այդ հարցում ՌԴ դիրքորոշմանը։ Այո, իսկապես, հապճեպ պատրաստված խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չի բերի և հող կստեղծի նոր հակամարտության համար։ Այստեղ պարզապես անհրաժեշտ է հավելել, որ նման պայմանագրի կնքումը ներկա պայմաններում կդառնա բացահայտ աջակցություն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպան քաղաքականությանը…