Օկամպոյի զեկույցը կարող է հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք առաջադրելու համար

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը հետագայում կարող է հիմք դառնալ Ադրբեջանի ղեկավարությանը մեղադրանք առաջադրելու համար։ Twitter–ի իր միկրոբլոգում այս հայտարարությունն է արել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր ՄՔԴ նախկին դատախազին` խնդրելով փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Օկամպոն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երեկ զրուցել է տեսակապով և ներկայացրել Արցախի շրջափակման վերաբերյալ իր իրավական հետազոտության արդյունքները: Նա փաստել է, որ այժմ Ադրբեջանի կողմից ԼՂ–ում իրականացվում է տեղի հայ ժողովրդի ցեղասպանություն, և միջազգային հանրությունը պարտավոր է հրատապ ու գործուն քայլերով կանխել դրա հետագա ընթացքը։

Մարուքյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի արձագանքին (ադրբեջանցի պաշտոնյան զեկույցը «կողմնակալ» է որակել)։

«Եթե զեկույցը կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, ապա Հիքմեթ Հաջիևը և ամբողջ ադրբեջանական քարոզչությունը դրան երբեք ուշադրություն չէին դարձնի և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի»,– գրել է նա։

Sputnik Արմենիա