ՌԴ ԱԳՆ․ ԵԱՏՄ-ում միասնական արժույթ ստեղծելու մասին առայժմ խոսք չկա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական արժույթի ստեղծման մասին առայժմ խոսք չկա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։

Դիվանագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ն փոխադարձ հաշվարկները ազգային արժույթների փոխադրելու տեմպերով առաջատարների թվում է: Նա նշել է, որ դրանց բաժինը, ըստ մի շարք գնահատականների, արդեն մոտ 90 տոկոս է կազմում։

«Միևնույն ժամանակ միության ներսում միասնական արժույթի ստեղծման մասին առայժմ խոսք չկա։ Այս փուլում հիմնական աշխատանքը կապված է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման, գործող վճարահաշվարկային մեխանիզմների կարգավորման, բորսային առևտրի կազմակերպման հետ: Օրակարգում ազգային ֆինանսական համակարգերի նորմատիվային բազայի ներդաշնակեցման և մերձեցման խնդիրների լայն շրջանակ է ընդգրկված»,- պարզաբանել է նա։

2015 թվականին ստեղծված ԵԱՏՄ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։

Sputnik Արմենիա