«Ժողովուրդ». ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերին ակտիվորեն քննարկվում է ավագանու ընտրությունների քարոզարշավում Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցը:

Թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև ՔՊ-ում մեծամասնությունը հակված են, որ վարչապետն անձամբ մասնակցի քարոզարշավին, թիմակիցների հետ շրջի Երևանի փողոցներով և քաղաքացիներին կոչ անի քվեարկել Տիգրան Ավինյանի օգտին, մինչդեռ կուսակցությունում մի մասն էլ կարծում են, որ Փաշինյանի մասնակցությունը, հնարավոր է, լրիվ հակառակ ազդեցություն ունենա:

Թերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլոր պատգամավորները ակտիվորեն մասնակցելու են քարոզարշավին. հիմա բաժանումներ են անում, թե որ պատգամավորը որ վարչական շրջանում է քարոզարշավ անելու:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՔՊ նախընտրական շտաբ՝ պարզելու՝ ովքեր են իրականացնելու քարոզարշավը, արդյոք Նիկոլ Փաշինյանն անձամբ մասնակցելու է դրան։

«Քարոզարշավի ֆորմատը նոր ենք որոշում, նոր ենք սկսել աշխատանքները, իսկ վարչապետի մասնակցությունը դեռ քննարկվում է»,- ասացին շտաբից»:

News.am