Իրանի հյուսիս-արևմուտքում կառուցվելու է ատոմային էներգիայի արտադրմանն անհրաժեշտ հումքի արդյունահանման «կենտրոն»
Իրանն սկսել է լեռնարդյունահանման համալիրի շինարարությունը երկրի հյուսիս-արևմուտքում, որը Իրանի միջուկային գերատեսչության ղեկավարը դիտարկում է որպես հումքի արդյունահանման «կենտրոն», որն անհրաժեշտ է ատոմային էներգիայի արտադրության համար, գրել է Mehr-ը։
Նախագիծն սկսել է իրականացվել հինգշաբթի, Խոյի (Արևմտյան Ադրբեջան հյուսիսարևմտյան նահանգ) Ջանգ-ե-Սար շրջանում այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել են ռադիոկատիվ նյութեր և հազվագյուտ հողերի տարրեր։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին գործարկման արարողության ժամանակ հայտարարել է, որ համալիրը կարող է զգալի դեր խաղալ ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությունն արագացնելու գործում։
«Այս համալիրի հնարավորություններն այնքան մեծ են, որ, անկասկած, այն կդառնա հումքի մատակարարումների կենտրոն միջուկային վառելիքի արտադրության համար և զգալի դեր կխաղա 20 000 մեգավատ միջուկային էլեկտրաէներգիայի արտադրության պլանին աջակցելու հարցում»,- ասել է նա։
Այստեղ, ըստ առկա տվյալների, հայտնաբերվել են ուրանի, մոլիբդենի և այլ տարրերի հանքեր։
Ըստ Էսլամիի՝ այս շրջանը կարող է դառնալ հազվագյուտ հողերի տարրերի հսկայական աղբյուր, որոնք լայն կիրառություն ունեն արդյունաբերությունում։
Պաշտոնյան ասել է, որ որոնումներն այս շրջանում սկսվել են անցյալ տարի։
Նրա խոսքով՝ նախագիծն ավարտվելու է երկուսուկես տարում, իսկ նախագծի առաջին փուլի իրագործման համար անհրաժեշտ է մոտ 10 տրլն ռիալ (մոտ 20 մլն դոլար)։
Իրանում ներկայում գործում է ատոմակայան Բուշեհրում, որը տարեկան արտադրում է 1 000 մեգավատ էլեկտրաէներգիա։
Իրանը նախատեսում է կառուցել ևս մի քանի ատոմային էլեկտրակայաններ, որպեսզի էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունը հասցնի 20 հազար մեգավատի։
News.am