«ԻՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ»՝ ՃՇՄԱՐԻՏ ԿԱՅՔ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Համացանցում հայտնվել է Արցախին նվիրված նոր կայքէջ, որը պարունակում է հասանելի, բովանդակալից և հավաստի տեղեկություններ հայկական երկրորդ հանրապետության պատմության, մշակույթի, աշխարհագրության և այլնի մասին։ Կայքը կոչվում է «Իրական Արցախ», այն քառալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն ու միտված է ծանոթացնելու միջազգային հասարակության, այդ թվում թուրք-ադրբեջանական լայն շերտերին այս հինավուրց հայոց աշխարհի հետ։

Կայքը հասանելի է լինքով եվ նպատակ ունի համափարպակ պատկերացում տալ Արցախի մասին, ցույց տալ իրական երկիրը, ինչպիսին է այն եղել դարեր ի վեր և ինչպես է ապրել իր նոր դարաշրջանում, երբ 1990-ականների սկզբին ձեռք է բերել անկախություն ու պետականություն։ Ինչպես նշում են նոր կայքի ստեղծողներն, «Իրական Արցախը» փորձում է ներկայացնել հայոց այս աշխարհի ամբողջ գեղեցկությունն ու զանազանությունը, նրա դարավոր կյանքը, որն ընթացել է արցախյան չքնաղ բնապատկերների, մեր նախնիների ստեղծած ճարտարապետական, հոգևոր և մշակութային կոթողների հետ միաձուլված։ Կայքում օգտատերերը կգտնեն տեղեկություններ Արցախի հնադարյան պատմության մասին, որը ներկայացված է հակիրճ, բայց շոշափում է երկրի բոլոր դարաշրջանները՝ վաղ ժամանակներից մինչև անկախության տարիները և 2020 թվ պատերազմը։

«Ցավոք, պատերազմները այդ պատմության զգալի մասն են կազմում և Արցախի անկախության ու խաղաղ ապրելակերպին բազմիցս մարտահրավերներ են նետել, վերջին շրջանում՝ ցավալի կորուստներով, - նշում են հեղինակները։ - Կայքում ներկայացված են ոչ միայն մեծաթիվ պատմամշակութային հուշարձաններ՝ հնադարյան վանքեր, ամրոց-բնակավայրեր, բերդեր, խաչքարեր ու կամուրջներ, որոնցով հարուստ է Արցախը, այլև մարդկանց առորյա կյանքն, արժանապատիվ, աշխատասեր, ստեղծագործ, բարի, հյուրասեր, շիտակ խոսող ու շիտակ գործող բնակիչները»։

Ըստ կայքի հեղինակների, բազմաթիվ ազգեր կարող են հպարտանալ իրենց ճարտարապետական հուշարձաններով, որոնք ունեն համամարդկային կարևորություն և արժեք։ Սակայն երկրագնդի վրա դժվար գտնվի այնպիսի տեղ, որտեղ փոքր տարացքում զետեղված լինեն այս քանակի հուշարձաններ, ինչպես Արցախում։ Հայոց Առաքելական եկեղեցու Արցախյան թեմի այժմյան տարածքում 1813 թվականին կար 1311 վանք ու եկեղեցի։ Նրանց զգալի մասը կիսավեր է կամ հիմնովին ավերված թշնամիների արշավանքների պատճառով և շարունակում են ավերվել այսօր, երբ Արցախի զգալի մասը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Այնուամենայնիվ, ամեն քար, սյուն կամ խաչքար վկայում են, որ այս հողում դարեր ի վեր ապրել են մեր՝ հայերիս նախնիները։

«Իրական Արցախ» կայքը կազմված է մի քանի բաժիններից՝ «Պատմություն», «Վանքեր և եկեղեցիներ», «Ամրոցներ», «Միջնադարյան կամուրջներ», «Մանրանկարչություն», «Թանգարաններ», «Վայրեր և մարդիկ», «Պետականություն»։ Բոլորն ունեն իրենց ենթաբաժիններն, օրինակ, «Պատմություն» էջը պարունակում է Արցախի մասին տեղեկություններ մեր թվարկությունից առաջ մինչև քրիստոնեության ընդունումը, միջնադարից մինչև 20-րդ դար և սովետական կարգերի հաստատում և այլն։ Հատուկ շեշտ է դրված արհեստածին Ադրբեջանի հետ հակամարտության վրա։ Այս թեմային նվիրված են մի շարք ենթաբաժիններ՝ «Ձևավորվող Ադրբեջանի հավակնությունները Արցախի հանդեպ», «ԼՂ հիմնախնդիրը խորհրդային շրջանում», «ազատոըթյան ճանապարհ 1988-1991 թթ» Այստեղ ներկայացված են նաև Ադրբեջանի բաց ագրեսիայի փուլերը, որոնց արդյունքում խաղաղ Արցախը ներքաշվեց երեք պատերազմների մեջ (1992-1994 , 2016 և 2020 թթ)

«Վանքեր եվ եկեղեցիներ» բաժինը սկսվում է «Ճարտարապետության արցախյան դպրոցը» հոդվածով, որը հայ ճարտարապետական մտքի անբաժանելի մաս է կազմում։ Այստեղ ներկայացված են երկրի հիմնական սրբավայրերը՝ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարը, Գտչավանքը, Ծիծեռնավանքը, Ղազանչեցոցը, որոնց մասին ընթերցողը կարող է գտնել մանրամասն ու հետաքրքիր տեղեկություններ։ Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո այս վանքերի մեծ մասը անցել է Ադրբեջանի հսկողության տակ, ինչը նշված է ենթաբաժիններում։ Օրինակ, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ գրված է «Բռնազավթված է 2020 թվ-ից, պատերազմի ժամանակ ենթարկվել է միտումնավոր ռմբակոծության, իսկ պատերազմից հետո՝ արտաքին տեսքի խեղաթյուրման»։ Դադիվանքի մասին ասվում է «2020 թվ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածքը բռնազավթված է։ Վանքում ՌԴ խաղաղապահների պաշտպանության ներքո մնացել են Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներ»։

Նման ծանոթություններ կան Շուշիի բերդի, Հնաբերդի, Տիգրանակերտի ամրոցի վերաբերյալ, որոնք ևս օկուպացված են 2020 թվ պատերազմի հետևանքով, նաև Գյուլիստան ամրոցի մասին, որտեղ 1813 թվ ցարական Ռուսաստանի և Իրանի միջև կնքվել է պայմանագիր, որով Ղարաբաղը միացել է Ռուսաստանին։ Ղարաբաղյան առաջին՝ 1992-1994 թթպատերազմի ընթացքում Գյուլիստանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։

Հետաքրքիր է «Արցախի միջնադարյան կամուրջներ» բաժինը։ Այս պատմական շինությունները ևս թշնամու ագրեսիայի և Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականության թիրախ են դարձել։ Թշնամու հսկողության տակ անցած մեծաթիվ կամուրջներից շատերի ճակատագիրն այսօր անհայտ է։

Անչափ կարևոր է Արցախում ստեղծված հին ձեռագրերին վերաբերող բաժինը։ Գաղտնիք չէ, որ 12-13-րդ դարերն առանձնացել են Արցախում արվեստների ու արհեստների բուռն ծաղկումով։ Այդ դարերում կանգնեցրած վանքերին կից գործում էին բազմաթիվ գրատներ, որտեղ վանականները ձեռագրեր էին կազմում և նկարազարդում։ Այդ դարաշրջանում Արցախը դարձավ հայկական ձեռագիր արվեստի կենտրոն, որտեղ գործում էին գրչության շուրջ երեսուն դպրոցներ։ Դրանցից ամենահայտնին Գանձասարն է։ Վանական համալիրներում ոչ միայն ստեղծվում էին, այլև պահպանվում էին բազմաթիվ ձեռագրեր՝ բերված հայկական տարբեր վանքերից։ Պատահական չէ, որ այսօր էլ Գանձասարում գործում է իր Մատենադարանը, որը հայկական երեք հին ձեռագրերի գրապահոցներից մեկն է։ Գանձասարի Մատենադարանի մասին կայքում կա ևս առանձին բաժին։

«Թանգարաններ» էջում ներկայացված են մի շարք զանազան և հարուստ հավաքածուներ, որոնք հասանելի էին Արցախում մինչև 44-օրյա պատերազմը։ Այս բաժնի նյութերը բաշխված են ըստ քաղաքների ու շրջանների, նաև թեմաների՝ գորգագործություն, պատմություն, ազգագրություն, հնագիտություն, կերպարվեստ, ռազմական գործ և այլն։ Հատուկ տեղ են զբաղեցնում ազատամարտիկներին և պատերազմների հերոսներին նվիրված թանգարանները։

«Արցախի յուրաքանչյուր բնակավայր վստահաբար արժանի է ներկայացման և ունի աշխարհին հպարտությամբ ցույց տալու արժեքներ: Տարբեր կոթողներ, վայրեր և շինություններ, որոմք ներառված չեն այս բաժնում, պատկերված և նկարագրված են կայքի այլ բաժիններում: Յուրաքանչյուր վարչական շրջանից ընտրողաբար այս բաժնում ներկայացվող նյութի նպատակն է ընդհանուր պատկերացում տալ ընթերցողին մեր հրաշալի երկրի մասին և խրախուսել անձամբ և խորությամբ ուսումնասիրելու այն: Իհարկե, նաև ցույց տալ երկրի անսահման գեղեցկությունը», - գրում են «Վայրեր և մարդիկ» էջում «Իրական Արցախ» հարթակի հիմնադիրները։ Այս բաժնում ընթերցողը կարող է տեղեկություն քաղել հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի և մարզկենտրոնների մասին։ Առանձին ներկայացված են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանները։

Վերջին՝ «Պետականություն» բաժինը ամենակարեվորն է։ Այստեղ ներկայացված է ոչ միայն Արցախի Հանրապետության (ԼՂՀ) պատմությունը, նաև պետության հատկանիշները՝ Նախագահը, Ազգային Ժողովը, Կառավարությունը, Զինված ուժերը, Դատական համակարգը, միջազգային հարաբերությունները։ Այստեղ տեղադրված են նաև պետության զինանշանն ու դրոշը, մանրամասն տեղեկություններ Արցախի պետականության կազմավորման մասին, ներկայացված է սահմանադրությունը, հանրապետության վարչատարածքային բաժանումը և այլն։

«2020 թվականին ադրբեջանական ագրեսիան և Արցախ ներխուժումը, որին անհերքելիորեն աջակցել են Թուրքիան և վերջինիս օժանդակությամբ ներգրավված ջիհադիստ վարձկանները, բացի զոհերից, մարդու իրավունքների ոտնահարումից, միջազգային իրավունքի խախտումներից և ավերածություններից, հանգեցրել են նաև Արցախի զգալի հատվածի բռնազավթմանը։ Դա նշանակում է, որ հազարավոր մարդիկ սպանվել են կամ դարձել հաշմանդամ, իսկ տասնյակ հազարավոր բնակիչներ դարձել փախստական, մինչ մնացածն էլ զրկանքներ են կրում երկարատև ապօրինի շրջափակման հետևանքով։ Դա նշանակում է, որ մշակութային նշանակության հազարավոր վայրերի, հուշարձանների ու շինությունների ճակատագիրը լավագույն դեպքում անորոշ է։ Ցավոք, որոշ թանգարաններ և հուշարձաններ արդեն իսկ ավերվել, ձևախեղվել կամ պղծվել են, ինչպես և ակնկալվում էր։ Այս կայքում հնարավորության սահմաններում ներկայացվում են նաև այդ վայրագություններն ու հուշարձանների ներկայիս կարգավիճակը», - նշում են կայքի հեղինակները։

Հավելենք, որ «Իրական Արցախ» հարթակը պարունակում է բազմաթիվ լուսանկարներ, որոնք տեսանելի են դարձնում կայքի բաժիններում զետեղված տեղեկությունները և ցույց են տալիս, որ Արցախը աշխարհի քարտեզի վրա հայտնվելուց ի վեր եղել է հայկական։ Ըստ հեղինակների, այս կայքը պարզապես մի հայացք է դեպի Արցախ՝ աշխարհ, որն ամբողջովին հայկական է թե պատմական ու մշակութային և թե այլ առումներով:

Галерея (8 фото)