Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը

Երեկ Սևանան լճում քաղաքացի է ջրահեղձ եղել, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին։ Հայտնել են, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։

Ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 15 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:

Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

Shamshyan.com–ի տեղեկություններով` Սևանա լճում ջրահեղձ եղածը Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդական Ս. Օ.-ն է։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Sputnik Արմենիա